«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կարծում է, որ տարիներ առաջ սփյուռքահայերը նվիրատվություն էին կատարում զգացմունքներով առաջնորդվելով։
Այսօր՝ մայիսի 27-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 24-րդ համատեղ նիստից առաջ լրագրողները Արա Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչքանով են սփյուռքահայերը շահագրգռված Հայաստանին եւ Արցախին օգնելու հարցում։
«15-20 տարի առաջ՝ անկախության առաջին տարիներին, սփյուռքահայերի դրամահավաքը զգացմունքային էր։ Այսօր պետք է ամենօրյա աշխատանք կատարել, քանի որ սփյուռքահայի համար դժվար է պատկերացնել, որ օդանավակայանից եւ Երեւան քաղաքից դուրս կան գյուղեր, որոնք մինչեւ այսօր ջրի խնդիր ունեն»,- ասաց Արա Վարդանյանը։
Նշենք, որ Հայաստանի կառավարության ընդունելությունների տանն այսօր ընթանում է հիմնադրամի նիստը, որին ներկա են ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, հոգաբարձուների խորհրդի 24 անդամները։ Նիստի ընթացքում Արա Վարդանյանը ներկայացնելու է հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014թ. կատարած աշխատանքների մասին։