Հարավկորեական «Տոնա Իլբո» թերթը ԿԺԴՀ պաշտպանության նախարար Հեն Են Չհոլի մահապատժի նոր վարկած է առաջ քաշել։
Պարբերականը պնդում է, որ Հենը քննադատել է Կիմ Չեն Ընին՝ մեղադրելով առաջնորդին, որ նրա վարքի պատճառով է Ռուսաստանը հրաժարվել Փհենյանին զենքի ժամանակակից տեսակներ վաճառել։ Այդ մասին հայտնել են Կիմին, որը հրամայել է մահապատժի ենթարկել նախարարին։
Ավելի վաղ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել էին, որ ԿԺԴՀ պաշտպանության նախարար Հեն Են Չհոլը ամենայն հավանականությամբ հրապարակավ գնդակահարվել է խորհրդակցության ժամանակ քնելու համար։
Ինչպես գրում է «Տոնա Իլբո» պարբերականը, նախարարը Մոսկվա կատարած այցի ժամանակ Ռուսաստանին խնդրել էր ԿԺԴՀ-ին զենքի մի շարք նոր տեսակներ վաճառել, սակայն ՌԴ-ն մերժել էր՝ նշելով, որ Փհենյանն առանց այդ էլ ժամանակակից սպառազինությունների զինանոց ունի։
Նման կերպ Մոսկվան իր դժգոհությունն էր արտահայտել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային եւ միջուկային զինանոցի ցուցադրելու կապակցությամբ, գրում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն։