News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ նիստը սկսելը, խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Սեֆերյանի հիշատակը (Արգենտինայից):

Նիստի օրակարգը հաստատելուց եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2014թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում Արա Վարդանյանին՝ 2015 թվականի մայիսի 27-ից երեք տարի ժամկետով, հաստատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:

Գործադիր տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014թ. կատարած աշխատանքների մասին: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Այն ներկայացրել են վերստուգիչ հանձնաժողովի անդամ Վահե Ճազմատարեանը եւ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Վասիլյանը: Եզրակացությունը ներկայացնելուց հետո, Վ. Ճազմատարեանը, ով վերստուգիչ հանձնաժողովի անդամի պաշտոնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում է 1991թ-ից ի վեր, պաշտոնից հրաժարական է ներկայացրել եւ իր փոխարեն առաջարկել իր խոսքով՝ ավելի երիտասարդ, եռանդով լի եւ բարձր մասնագիտական կարողություններ ունեցող Արա Ասլանի թեկնածությունը, որն ընդունվել է խորհրդի կողմից: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ճազմատարեանին՝ երկարատեւ եւ օգտակար գործունեության, մեծ նվիրումով ու սկզբունքայնությամբ իրականացրած աշխատանքի համար եւ խորհրդին տեղեկացրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով Վահե Ճազմատարեանին պարգեւատրելու իր որոշման մասին: ՀՀ Նախագահը պետական բարձր պարգեւը նիստի ժամանակ հանձնել է Վահե Ճազմատարեանին:

Հոգաբարձուների խորհուրդը ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ, բարերար Անդրանիկ Բաղդասարյանին, ով մինչ օրս հիմնադրամի ծրագրերին նվիրաբերել է շուրջ 900.000 ամերիկյան դոլար, շնորհել է Բարերար անդամի վկայական:

Օրակարգի շրջանակներում հաջորդ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2015»-ի նպատակաուղղվածության մասին հարցը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Ներկայացված հաշվետվության եւ հնչած առաջարկությունների վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր նկատառումները:

«Ուզում եմ սկսել նրանից, որ ես շատ ուրախ եւ հպարտ եմ, որ մենք հաջողությամբ կարողացանք կյանքի կոչել 2013թ. մեր նիստում կայացրած որոշումը եւ հիմնադրամին պատկանող ու Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող կիսաքանդ շենքը կարողացանք «Փյունիկ» հիմնադրամի հետ համագործակցությամբ վերածել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի: Մենք այդ թանգարանը բացեցինք այս տարվա հունվար ամսին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին զուգահեռ եւ, կարծում եմ, որ բոլորդ առիթ ունեցել եք կա՛մ ներկա գտնվելու այդ արարողությանը, կա՛մ էլ հետագայում այցելելու թանգարան: Իսկ ով չի եղել, առաջարկում եմ՝ ձեր ժամանակից հատկացրեք մի փոքրիկ հատված, գնացեք եւ տեսեք, որ, իրոք, այդ թանգարան-ինստիտուտը կարող է պատիվ բերել ցանկացած երկրի: Իրոք, մենք ստացանք այդ վայրին եւ մեր մեծ մտավորականին վայել, նրա հիշատակին հարիր մի միջավայր, որը շատ մեծ օգուտ է բերելու թե՛ մեր երիտասարդությանը կրթելու, թե՛ զբոսաշրջիկներին մեր մշակույթը ներկայացնելու եւ թե՛ կոմիտասագիտությունը զարգացնելու առումով: Եվս մեկ անգամ պետք է բոլորս շնորհակալություն հայտնենք «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, մեր խորհրդի անդամ պարոն Գաբրիել Ջեմբերջիին (Ջամբարջյան), ում անշահախնդիր նվիրատվությամբ իրականացվեց այդ ծրագիրը: Պետք է նաեւ հավելեմ, որ այս տարվա ապրիլի 23-ին պանթեոնում՝ այդ թանգարանի հարեւանությամբ, Վեհափառ Հայրապետը հողօրհնեք կատարեց, եւ այնտեղ մենք դարձյալ բարերարի՝ մոսկվաբնակ Սամվել Կարապետյանի միջոցներով, սկսում ենք Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը, որը մեր քաղաքի այդ հատվածը կամբողջականացնի եւ կդառնա շատ գեղեցիկ ու մեզ բոլորիս վայել մի լավ հատված:

Երկրորդ. պետք է շատ հակիրճ անդրադառնամ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Սկսեմ նրանից, որ բոլորիս հայտնի է, որ այդ միջոցառումների կառավարման համար մեր խորհրդի նախագահության համաձայնությամբ ձեւավորվեց առանձին տնօրինություն, որն էլ դարձավ այդ միջոցառումների իրավական եւ ֆինանսական սպասարկման հիմնական օղակ: Միջոցառումները ֆինանսավորվել են եւ այսօր էլ շարունակվում են ֆինանսավորվել բացառապես մասնավոր նվիրատվությունների հաշվին: Մեր բազմաթիվ հայրենակիցներ, այս անգամ՝ հիմնականում Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր գործարարներն ու կառույցները հովանավորեցին ամբողջական, մեծ ծրագրեր` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովից մինչեւ Ծիծեռնակաբերդում ոգեկոչման արարողություն, «Սիսթեմ օֆ ը դաուն» խմբի համերգից մինչեւ «Վերածնունդ» համերգ-ակցիան, որին մասնակցեցին տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավելի երաժիշտներ, եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Սրբադասման արարողությունը, որի հովանավորն էր Հայ բարեգործական ընդհանուր միությունը:

Գիտեք, որ օրեր առաջ հայկական տաղավարը դարձավ ժամանակակից արվեստի թերեւս ամենահայտնի Վենետիկի բիենալեի հաղթողը: Այս օրերին ողջ աշխարհով մեկ շարունակվում են ցուցահանդեսներ, համերգաշարեր, գիտական կոնֆերանսներ, հրատարակվում են նոր գրքեր, բեմադրվում են ներկայացումներ: Այսօր էլ այդ ծրագրերը, բնական է, որ աջակցության կարիք ունեն, ուստի կարեւորում եմ բոլորի ակտիվ մասնակցությունը դրանց ֆինանսավորմանը: Ու նաեւ շատ կարեւորում եմ մեր ակտիվ հայրենակիցների մասնակցությունն այդ միջոցառումներին: Մի քանի օր հետո սկսվելու է Կաննի փառատոնը, որի գլխավոր հյուրը Հայաստանի Հանրապետությունն է, եւ որտեղ հիմնականում հնչելու են մեր կոմպոզիտորների ու առաջին հերթին՝ Կոմիտասի ստեղծագործությունները: Կարծում եմ՝ շատ-շատերն են որպես զբոսաշրջիկ գնում Կանն, եւ եթե համատեղեք այդ հանգիստը հիշյալ միջոցառմանը մասնակցելու հետ, ապա, կարծում եմ, միջոցառումը շատ ավելի արդյունավետ կլինի:

Հաջորդ նիստին 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը մեզ կներկայացնի մանրամասն ֆինանսական եւ բովանդակային հաշվետվություն` ներկայացնելով նաեւ անհրաժեշտ աուդիտորական եզրակացությունը: Այս անգամ մենք ընտրել ենք հետեւյալ ճանապարհը. առաջարկել ենք հովանավորներին ծրագրեր ու այդ ծրագրերի մոտավոր հաշվարկ եւ նաեւ առաջարկել ենք, որպեսզի իրենք անձամբ իրականացնեն տվյալ միջոցառումները, անձամբ կատարեն ֆինանսական պարտավորությունները՝ իրենց վստահելի անձանց միջոցով: Բայց պետք է ասեմ, որ գրեթե այդպիսի դեպքի չենք հանդիպել, եւ բոլորը հաճույքով մանրամասն ծանոթանալով ծրագրի բովանդակությանը, առաջարկել են, որպեսզի այդ միջոցներն օգտագործվեն տնօրինության կողմից, այնուհետեւ նրանց ներկայացվի հաշվետվություն, ինչը մենք հաճույքով կանենք:

Այս տարվա սեպտեմբերին Անկախության տոնի շաբաթը լեցուն է լինելու իրադարձություններով: Այն կավարտվի սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Մյուռոնի օրհնության արարողությամբ: Նույն օրերին կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը: Այդ իսկ օրերին մենք անպայման անդրադարձ կկատարենք մեր այն բարերարներին, հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին, ովքեր ջանք չեն խնայել 100-րդ տարելիցը հավուր պատշաճի կազմակերպելու եւ անցկացնելու համար: Ինչո՞ւ եմ ես սա շեշտում, որովհետեւ մենք որոշակի խրախուսական միջոցառումներ իրականացնելու ենք նաեւ Մայիսի 28-ին: Ուղղակի, ուզում ենք ամբողջը ի մի բերել, որպեսզի կարողանանք տարբերակված եւ օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել: Դրա համար մեզ որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Տեղեկատվության կարգով ասեմ, որ մենք տարվա վերջին նաեւ անդրադառնալու ենք բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր մասնակցել են այդ միջոցառումներին եւ նրանց էլ ենք գնահատական տալու եւ խրախուսական միջոցառումներ ենք իրականացնելու: Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ ամբողջ տարվա ընթացքում ենք միջոցառումներ ունենալու եւ չենք համարում, որ 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներն ավարտվում են. դեռեւս շատ մեծ միջոցառումներ ունենք: Գոնե արդեն անցկացված միջոցառումները վկայեցին, որ մեր համախմբվածությունը, միասնական գործելը կարող է շատ-շատերի կամ գրեթե բոլորի համար անսպասելի արդյունք տալ, կարող է լուծել խնդիրներ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր ժողովրդի համար:

Ես կարծում եմ, որ բոլորս միասին առիթ ենք ունենալու ամբողջովին վերլուծելու 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարված աշխատանքը եւ ոչ միայն նրա համար, որպեսզի ցույց տանք, թե մարդիկ որքան ակտիվ մասնակցեցին, այլ որպեսզի նաեւ հետեւություններ անենք եւ հաջորդ տարիներին այդ միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնենք: 100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում: Մինչեւ մենք չհասնենք համընդհանուր ճանաչման՝ այս ուղղությամբ անդադար աշխատելու ենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ