News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գեւորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը: Ավանդաբար մայիսի 27-ին նշվող ոգեկոչման օրվա շրջանակում այս անգամ միջոցառում էր կազմակերպվել նաեւ Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված Գեւորգ Չավուշի արձանի հարակից տարածքում: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը նշել է, որ յուրաքանչյուր տարի այս օրը Աշնակում մեծ տոնախմբությամբ նշվող ֆիդայիների տոնն այս տարի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով պայմանավորված, ավելի շատ ոգեկոչման արարողության է վերածվել:

«Պատահական չէ, որ մենք Գեւորգ Չավուշի նահատակման օրը նշում ենք որպես ֆիդայիների ոգեկոչման օր, քանզի Գեւորգ Չավուշը նահատակվեց, որ մենք ապրենք: Իր նահատակությամբ նա աշխարհին ու մեր ոխերիմ թշնամուն ապացուցեց, որ մենք ապրելու իրավունքի տեր ժողովուրդ ենք: Աշխարհի ոչ մի ժողովուրդ, իսկապես, այդքան երկար չի նայել մահվան աչքերի մեջ եւ այդքան համառորեն չի շարունակել ապրել: Այդ էր վկայում Սասունի եւ Տարոնի ողջ ֆիդայական փաղանգը, այդ է վկայում Գեւորգ Չավուշի կենսագրությունը: Գեւորգ Չավուշի նահատակությամբ հաստատվեց Արարատ լեռան սրբազան աչքի առաջ մեր ապրելու իրավունքը, ապրելու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության գոյությամբ, ազատագրված Արցախով, սքանչելի ու գեղեցկատես քաղաքամայր Երեւանով: Ուրեմն եւս մեկ անգամ խոնարհվենք մեր ֆիդայության ոգու առջեւ ու շարունակենք հերոսաբար ապրել, քաղաքացիաբար հերոսանալ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովորդի, հանուն մեր կողքի հայի», - ընդգծել է Կամո Արեյանը: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միջոցառման մասնակիցների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Գեւորգ Չավուշի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով ֆիդայապետի հիշատակին: Ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գեւորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառումն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարով:

Այնուհետ Երեւանի քաղաքապետը ներկա է գտնվել նաեւ «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նոր գրասենյակի բացման արարողությանը: Միության նախագահ Կամո Արեյանի ուղեցությամբ  Տարոն Մարգարյանը շրջել եւ ծանոթացել է գրասենյակի պայմաններին:

Տպել
Ամենաշատ