News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ բանաձեւի նախագիծ է ներկայացվել, որը Թուրքիային կոչ է անում անհապաղ վերացնել խոսքի ազատության սահմանափակումները եւ հարգել մարդու համընդհանուր իրավունքները: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

Բանաձեւի հեղինակը կոնգրեսական Ալան Գրեյսոնն է, որին սատարում են Ներկայացուցիչների պալատի 30 անդամներ: Կոնգրեսի աղբյուրների համաձայն, բանաձեւի նախագիծն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է հունիսի 2-ին: Քիչ հավանական է, որ Ներկայացուցիչների պալատը բանաձեւը կընդունի հունիսի 7-ին Թուրքիայում նախանշված խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն այդ փաստաթղթի ընդունումը մարդու իրավունքների միջազգային խմբերի եւ արեւմտյան կառավարությունների կոչերը լրացնող եւս մեկ քայլ կդառնա, որը խորը մտահոգություն է արտահայտում քննադատության հանդեպ Թուրքիայի ավելի ու ավելի անհանդուրժող դիրքորոշման առիթով:

Փաստաթուղթը հիշեցնում է, որ ԱՄՆ կառավարությունն ու առաջատար իրավապաշտպանները մտահոգություն են հայտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա հիմնած Արդարություն եւ զարգացում կուսակցության կառավարման օրոք խոսքի ազատության էրոզիայի առիթով:

Բանաձեւի նախագծում նշվում է, որ «մարդու համընդհանուր իրավունքների հարգումը, հատկապես՝ արտահայտման ազատությունը, կարեւոր նշանակություն ունի ժողովրդավարության, բաց հասարակության համար»:

Նշենք, որ փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 90 անդամներ նամակ էին ուղարկել պետքարտուղար Ջոն Քերրիին՝ կոչ անելով ակտիվորեն հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայում զանգվածային լրատվամիջոցների ազատության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ