News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Գյումրու քաղաքապետարանի դիմաց այսօր՝ մայիսի 27-ին, տասնյակ գյումրեցիներ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացրին՝ քաղաքապետին հանձնելով դիմում-բողոք:  Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Շիրակի մարզպետարան:

«Մենք պահանջում ենք դադարեցնել այս թալանը, քանի որ 2014թ. տեղի ունեցավ 10 տոկոս թանկացում, եւ խոստացան, որ սա լինելու է վերջինը, սակայն 1 տարի անց կրկին թանկացրին: Դրա համար մենք այսօր մարզպետին մեր գրավոր դիմումը հանձնեցինք, որպեսզի գյումրեցու եւ շիրակցու բողոքը հասնի կառավարություն, որ գյումրեցին ի վիճակի չէ նման վճարումներ կատարելու»,-ասաց նախաձեռենող խմբի անդամ Վահագն Խաչատրյանը:

Ակցիայի մասանկիցները իրենց հետ բերել էին պաստառներ եւ վանկարկում էին «Մենք ենք տերը մեր երկրի», «Մի մտեք մեր գրպանները», «Վերջ տվեք այս թալանին», «Մեր հաշվին ձեր գրպաններն ու բյուջեները մի լցրեք»:

Ակցիայի մասնակիցները մարզպետարանի մոտ դիմում-բողոք հանձնեցին նաեւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանին, որը խոստացավ նամակը հացնել մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որպեսզի վերջինս էլ այն  հասցնի կառավարություն:

«Մեր նպատակը մեկն է, եւ մենք վստահ ենք, որ այս ակցիան կհասնի իր նպատակին: Ինչպես ասում են՝ ձուկը գլխից է փտած, բայց մաքրում են պոչից, այդ պոչը մենք ենք՝ քաղաքացիներս, ովքեր պետք է մաքրեն հոտած գլուխը: Մենք չպետք է թույլ տանք, որ կառավարությունը մեզ հետ վարվի այս կերպ, այս կառավարության վերջն արդեն եկել է, հերիք է»,-ասաց ակցիայի մասնակից Արամ Հակոբյանը:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ արդյունք չլինելու դեպքում կտրուկ միջոցների կդիմեն՝ նույնիսկ կհասնեն մայրաքաղաք՝ կառավարության առջեւ իրենց բողոքը հայտնելու:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ