News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ։

«Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որն անցել է հարուստ ճանապարհ եւ հասել մինչեւ մեր օրերը: Դժվարին ու բարդություններով լի այդ ճանապարհը մեր ժողովուրդը պատվով է անցել ՝ կենդանի պահելով իր լեզուն ու մշակույթը, ազգային արժանապատվությունն ու ավանդույթները եւ, որ ամենակարեւորն է, անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը:

Այդ երազանքն իրականություն դարձավ 1918 թվականին` Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմամբ, երբ հայը կրկին վստահեց սեփական ուժերին եւ տեր կանգնեց իր հողին ու ջրին: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն այն ժամանակ արդեն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար: Առաջնորդվելով քաջ հայորդիների գաղափարախոսությամբ եւ շարունակելով նրանց գործը` մենք կարողացանք հաղթանակ արձանագրել արցախյան ազատամարտում եւ վերածնել հայոց անկախ պետականությունը:

Այսօր հայն աշխարհին է ներկայանում հայկական երկու պետություններով եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ, որը մեր բոլոր հաջողությունների հիմնական գրավականն է: Դասեր քաղելով անցյալից` հայ ժողովուրդն այսպես միասնական ու համախմբված պետք է շարունակի իր ճանապարհը` դեպի պայծառ ու լուսավոր ապագա:

Թանկագին հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»,- ասել է Արցախի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ