News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատում է, որ դիմել է գլխավոր դատախազին իր ընտանիքի վերաբերյալ մամուլում զրպարտություններ տարածելու հարցով: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, «Սարդարապատի» հուշահամալիրում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին:

«Իրականությունն այնպիսին է, որ ես երբեւիցե այդպիսի հերյուրյանքների, բացահայտ ստերի պայմաններում սադրանքի չեմ ենթարկվում: Ես ամեն ինչ հասկանում եմ, եւ բոլոր գործողությունները պետք է լինեն օրինականության դաշտում, օրենքի շրջանակում: Եթե ճիշտ գնահատում ես իրադրությունը, ճիշտ կողմնորոշվում, նաեւ ճիշտ որոշումներ ես կայացնում: Որոշումը պետք է լինի միայն օրինական »,-ասաց նախարարը՝ նշելով, որ այդպես է նաեւ պատերազմի դաշտում:

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը  գրել էր, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր եւ կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների տարածման խնդրով: Նախարարը գրել է, որ իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռք բերելու եւ մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն եւ իր ընտանիքին: Օհանյանը խնդրել  է պարզել տեղեկությունների իսկությունը, իսկ եթե պարզվի, որ դրանք սուտ են, ճշտել դրանք տարածողի ինքնությունը եւ պատասխանատվության ենթարկել:

Տպել
Ամենաշատ