News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի եւ վերածնունդի մեկնարկի օրն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում Առաջին հանրապետության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռոպորտաժ):

Ուղերձում Նախագահը, մասնավորապես ասել է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Մայիսի 28-ն անկասկած մեր պատմության ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր եւ դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:

Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արեւելյան Հայաստանի վերջին հողակտորները եւ դրանց վրա ապրող հայությանը: Բոլորի համար պարզ էր, որ Արեւելյան Հայաստանի համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արեւմտահայությունը:

Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ եւ՛ Հայաստանում, եւ՛ սփյուռքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել եւ դեռ իրականացվելու են: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք՝ հայ ռամիկն ու շինականը, ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչն ու հոգեւորականը: Եվ կասեցրել ենք մայիսյան հերոսամարտերով: Կասեցրել ենք հայկական պետականության ստեղծմամբ՝ պատմական Հայաստանի վերջին հատվածը փրկության ափ դարձնելով հարյուր հազարավոր որբերի եւ գաղթականների համար։

Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի եւ վերածնունդի մեկնարկի օրն է: Իհարկե, անկախության հռչակմամբ մեր փորձությունները չավարտվեցին, նոր փորձություններ սկսվեցին, բայց դրանք մենք արդեն դիմակայում էինք որպես պետականորեն կազմակերպված ազգ:

Պետք է հաշվի առնել եւս մի կարեւոր հանգամանք. մայիսյան հերոսամարտերի ընթացքում, հենց մարտի դաշտերում, ձեւավորվում ու ծնվում էր հայկական բանակը։ 1915 թվականից անցել էր ընդամենը երեք տարի, եւ մենք, առանց պետականության՝ միայն ինքնակազմակերպման հաշվին, կռվի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարված հասցնող ռազմական ուժ։ Սա պատմական սխրանքն է այն սերնդի, որին վիճակված էր տեսնել ամենասարսափելին։ Բայց նրան վիճակված էր տեսնել նաեւ ամենաերանելին՝ անկախ Հայաստանը։

Մեր առաջին հանրապետության պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը եւ օրհներգը այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն են: Մենք ճամփորդներն ենք մի նոր ճանապարհի, որ սկսվել է 1918 թվականի մայիսի 28-ին:

Սակայն խորհրդանիշներից ավելի կարեւոր են առաջին հանրապետության բովանդակությունն ու պատգամները, որոնցից, իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետեւյալներն են.

1. Հայաստանը համայն հայության հայրենիքն է։

2. Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր եւ ժողովրդավարական արժեհամակարգ։

3. Հայաստան Հանրապետությունը սոցիալական պետություն է։

Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշվում ենք նաեւ այսօր, մերօրյա՝ երբեմն իսկապես փոթորկալից նավարկությունների ընթացքում։

Հավերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը:

Հավերժ փառք ու խոնարհում բոլոր այն նահատակների հիշատակին, ովքեր հնարավոր դարձրին մայիսի 28-ը:

Փա՛ռք Հայաստանի առաջին Հանրապետությանը, որ հիմնասյունն է ներկա եւ ապագա Հայաստանի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ