News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը նախաձեռնել է «Տիկնիկներ՝ հանուն խաղաղության և միջազգային երկխոսության» համաշխարհային երթը, որը մեկնարկելու է Երեւանում հունիսի 1-ին՝  Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության UNIMA հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը, երթը կմեկնարկի ժամը 16։30-ին Հյուսիսային պողոտայից։ Պաշտոնական բացումը կկայանա ժամը 18։00-ին Հովհաննես Թումանյանի անվան թատրոնում։ Երեւանում երթը կշարունակվի մինչեւ հունիսի 7-ը։ Այդ օրերին Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն, որին կմասնակցեն 11 երկրներ՝ Իրան, Իսրայել, Իտալիա, Վրաստան, Ռուսաստան, Նիդերլանդներ, Բուլղարիա եւ այլն։

Հունիսի 3-ին Երեւանի կենտրոնում՝ 5 մայրցամաքներից բերված հողի վրա, կտնկվի խաղաղության ծառ՝ սոսի։

Հունիսի 2-5ը, հանդիսատեսը կարող է անվճար դիտել տարբեր երկրներից ժամանած տիկնիկային թատրոնների ներկայացումները, իսկ հանգստյան օրերին՝ հայրենական տիկնիկային թատրոնների ներկայացումները։ Հայաստան կժամանեն ՅՈՒՆԻՄԱ-ի գլխավոր քարտուղար Ժակ Տրուդոն եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ։ Երթի մասնակիցները կհարգեն նաեւ Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառումը կընթանա Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

Միջոցառումը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին։ Հայաստանի նախաձեռնությանը միացել են 95 երկրների UNIMA ազգային կենտրոնները։ Համաշխարհային երթը կավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության  համաշխարհային օրը եւ Հայաստանի անկախության օրը, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր  գրասենյակի մոտ։

Արմեն Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանը առաջին անգամ չէ խաղաղության եւ երկխոսության կոչ անում։ 1995թ. հայկական կողմը նման երթ էր նախաձեռնել, որին միացել էին UNIMA-ի ազգային կենտրոնները։

«Որպեսզի մեր մոլորակը ազատ շնչի, աշխարհում պետք է խաղաղություն հաստատվի։ Մենք պարտավոր ենք պահպանել աշխարհի գեղեցկությունը եւ ոչ թե ոչնչացնել բնությունը, ցավ պատճառել մեզ շրջապատող մարդկանց։ Մենք երթը նվիրում ենք նաեւ այն երեխաներին, որոնք զրկվել են մանկությունից, ստիպված են եղել տառապանքներ կրել եւ որոնք սպանվել են։ Բայց պետք է հիշել. բարին հաղթում է չարին»,- եզրափակեց Արմեն Սաֆարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ