ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 29-ին, աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Նա ներկա է գտնվել Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ՍՊԸ-ի բացման արարողությանը: Անասնապահական այս համալիրը՝ նախատեսված խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի եւ պանրի արտադրության համար, հիմնադրվել է 2013թ. սեպտեմբերին: Շինարարական աշխատանքներն ընկերությունում ավարտվել են 2014թ. դեկտեմբերին: Համալիրը հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: Այս նպատակով այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: Ընկերության մոտ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից պլանավորվում է տարեկան ստանալ մինչեւ 1.16 մլն կգ կաթ:
Նորաբաց համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան եւ իր տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում եվրոպական որակի եւ կառավարման չափորոշիչներին: Համալիրն ունի 15 մշտական եւ 45 սեզոնային աշխատողներ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազ. դրամ:
Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանն այցելել է «Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանի կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ ընկերության զարգացման ծրագրերին: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում Միության անդամ երկրներում եւ հատկապես՝ Ռուսաստանի Դաշնությունում: Գործարանի արտադրական հզորությունը, սակայն, բավարար չէ ամբողջությամբ ապահովելու արտահանման պահանջարկը: Խնդրի լուծման նպատակով ընկերությունը որոշում է կայացրել կառուցելու նոր գործարան եւ գնելու ժամանակակից շշալցման եւ փաթեթավորման հոսքագծեր:
Ծրագիրն սկսվել է 2015թ.-ի ապրիլին եւ նախատեսվում է ավարտել 2016թ.-ի առաջին եռամսյակում: Նախագահին ներկայացրել են, որ նոր հոսքագծերը հնարավորություն են տալու գործնականում ամբողջությամբ ավտոմատացնելու արտադրական գործընթացները եւ զգալիորեն մեծացնելու արտադրական ծավալները: