News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օրերս Հյուսիսային Իռլանդիայի Դերրի քաղաքում տեղի ունեցավ «Ներողության խնդրանքներ պատմական չարագործությունների համար. երբ, ինչպես, ինչու» խորագրով գիտաժողովը, որն ուսումնասիրում էր ներողության խնդրանքների դերը պատմական հակասությունների լուծման եւ կողմերի հաշտեցման գործում:

Գիտաժողովը կազմակերպել էր միջազգային իրավունքի մասնագետ, Մեծ Բրիտանիայի Սըրրիի համալսարանի դասախոս Արման Սարվարյանի ղեկավարած մասնագիտական խումբը՝ սոցիոլոգ Մայր Բրանիֆ, պատմաբաններ Բրայոնի Օնսիուլ եւ Անյա Անիմ-Ադո, «Հյուսիսային Իռլանդիայի Միջնորդ» ընկերության հետ համագործակցությամբ եւ Բրիտանիայի հետազոտական խորհրդի ֆինանսավորմամբ:

Գիտաժողովին մասնակցում էին ցեղասպանագետներ, պատմաբաններ, պատմական չարագործություններից տուժած կողմերի ներկայացուցիչներ` իռլանդացիներ, հայեր, ասորիներ, Կարիբյան ազգեր, տարբեր դեպքերի վերաբերյալ քարոզարշավ իրականացնող մարդիկ:

Քննարկման առարկա հինգ հիմնական պատմական իրադարձություններն էին`

Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների (հայեր, ասորիներ, հույներ) ցեղասպանությունը

Բրիտանական կայսրությունում աֆրիկյան ցեղերի ստրկությունը

Հյուսիսային Իռլանդիայում 1972թ. Արյունոտ կիրակին, երբ  բրիտանական բանակի զինվորների կողմից սպանվեցին բանտարկյալների իրավունքների կապակցությամբ բողոքող քաղաքացիներ (ի դեպ` Արյունոտ կիրակին տեղի է ունեցել հենց գիտաժողովի վայրում` Դերրիում)

Իռլանդիայի հանրապետությունում կաթոլիկ եկեղեցու հոգեւորականների կատարած սեռական բռնությունները մանուկների նկատմամբ

Կանադայում բնիկ ազգերի մանուկներին բռնի կերպով ընտանիքներից օտարումը

Գիտաժողովի մասնակիցները ուսումնասիրել ու համեմատել են նշված հինգ դեպքերը:  Նշված վերջին երեք դեպքերում պատասխանատու կառավարություններն արդեն հնչեցրել են ներողության խնդրանքներ: Մասնակիցները ներողության խնդրանքներն ուսումնասիրել են հետեւյալ կողմերից.

ում կողմից եւ երբ է հնչեցվում ներողության խնդրանքը, ում է ուղղվում, ինչ գործընթացով է տեղի ունենում (քաղաքական, իրավական, դիվանագիտական)

ինչպես է փոփոխվում իրադարձության պաշտոնական վարկածը ներողության խնդրանքից հետո

ներողության խնդրանք հնչեցնելուց հետո պետության վարքն ինչպես է ապացուցում ներողության անկեղծությունը

Գիտաժողովի մասնակից ամբողջ խումբը շրջել է քաղաքում եւ Դերրիի բնակիչները նրանց ներկայացրել են քաղաքի պատմությունը Հս. Իռլանդիայի պատերազմի (1960-ականներ - 1998) համատեքստում, քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող համայնքների միջեւ բաժանված թաղամասերը, 1998-ի հաշտության համաձայնագրից հետո զարգացումները:

Գիտաժողովի արդյունքում կազմակերպիչները հեղինակելու են գիտական հոդված: Գիտաժողովի քննարկումները նաեւ կհրապարակվեն ծրագրի վեբ կայքում, որտեղ տարբեր ոլորտների հետազոտողներ կկարողանան օգտվել նյութերից` apologiesproject.co.uk (ափոլոջիզփրոջեքթ.քո.յուքեյ): Հետազոտական ծրագիրը շարունակելու է ուսումնասիրել ներողության խնդրանքի իմաստը, որպեսզի ներկայացնի օգտակար եզրակացություններ կառավարական եւ ոչ կառավարական մարմիններին, ինչպես նաեւ հասարակություններին՝ մամուլի միջոցով:

Տպել
Ամենաշատ