News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը արձագանքել է «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի կողմից համացանցում տարածած տեղեկատվությանը։

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ բարձրացված երկու հարցերն էլ ժամանակագրական առումով իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես, Արշակունյաց պողոտայում նախկինում կայանված և տիկին Բախշյանի կողմից մատնանշված ավտոմեքենան, նյութի հրապարակումից շատ առաջ, արդեն իսկ տարհանված է եղել, իսկ ՀՀ պետական դրոշը եղել է պատշաճ վիճակում (տես կից տրամադրված լուսանկարները): Իրականության և լուսանկարների համադրումից ակնհայտ է դառնում, որ համացանցում ներկայացված լուսանկարները կատարվել են ամիսներ առաջ և չեն համապատասխանում այսօր առկա պատկերին: Անշուշտ, բացառված չէ, որ, մասնավորապես դրոշները, ենթարկվելով կլիմայական արտաքին ազդեցության, ինչ որ ժամանակ կորցնեն պատշաճ տեսքը, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ այդպիսի դրոշները շատ արագ փոխարինվում են նորերով: Ինչ վերաբերում է անսարք ավտոմեքենաների ընդհանուր օգտագործման տարածքներում երկար ժամանակ կայանված մնալուն, ապա այս մասով ևս ձեռնարկվել ու ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ ընդհանուր օգտագործման, այդ թվում նաև մայթեզրերի տարածքներն, առավել նպատակային օգտագործելու և պատշաճ տեսքը պահպանելու ուղղությամբ:

Ամփոփելով, հարկ եմ համարում նաև տեղեկացնել, որ իմ բջջային հեռախոսը, մասնավորապես վեջին մի քանի օրերին անջատված չի եղել: Բացի այդ, որպես վարչական շրջանի ղեկավար, ունեմ նաև աշխատանքային հեռախոսահամար, որը, վստահ եմ, փայլուն գիտի նաև տիկին Բախշյանը: Ավելորդ չեմ համարում նաև տեղեկացնել, որ մայիսի 26-ին ներկա եմ եղել Երևանի ավագանու հերթական նիստին, որի ընդմիջման ժամանակ առիթ եմ ունեցել զրուցելու տիկին Բախշյանի հետ, որի ընթացքում նա ներկայացրել է կայանված երկու ավտոմեքենաների լուսանկար, որոնցից մեկն արդեն վաղուց հեռացված է եղել մատնանշված տարածքից ու այդ մասին տեղեկացրել եմ տիկին Բախշյանին, իսկ նրա կողմից ներկայացված մյուս լուսանկարի ավտոմեքենայի տարհանման ուղղությամբ էլ տարվել է համապատասխան աշխատանք և այն նույնպես հեռացվել է նշված հատվածից»,- ասել է Սարգսյանը:

Նշենք, որ Անահիտ Բախշյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե Երևանյան լճի կամրջի վրա Շենգավիթ վարչական շրջանի մուտքն ազդարարող ցուցանակի գլխին ծածանվող ՀՀ դրոշի բզկտված վիճակը ճչում է այս դրոշի նման Հայաստան պետության քրքրված լինելու փաստի մասին:

Պետական խորհրդանիշ գզգզված դրոշը մեր գզգզվող պետության վկան է. Բախշյան 

Տպել
Ամենաշատ