News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մասնագիտությամբ հաշվապահ, Երեւանում բնակվող` 27-ամյա Արսեն Խաչատրյանն օրերս իրականացրել է մանկության երազանքը` գտել է 16 տարի առաջ Սուրբ ծննդյան տոնի մանկական ակցիայի շրջանակում իրեն նվերներով լի արկղ ուղարկած իռլանդուհուն, ու միանգամից հայտնվել համաշխարհային մամուլի սրտառուչ պատմությունների էջերում։

NEWS.am-ի հետ զրույցում Արսենը պատմեց, որ իռլանդուհի Քլեր Ֆեհին, նվերների հետ գրություն էր ուղարկել` խնդրելով, որ արկղը ստացողն իրեն լուսանկար ուղարկի։ 11–ամյա տղան իր լուսանկարն այդպես էլ չի ուղարկել, 16 տարի անց արդեն ընտանիքի հայր դարձած տղամարդը վերջապես գտել է նրան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով։

«Նվերների փոքրիկ մոխրագույն արկղը բացելուց ու Քլերի գրածը կարդալուց հետո նպատակադրվել էի, և իմ մանկական երազանքներից մեկն էր դարձել, որ երբ էլ լինի, անպայման մի օր կուղարկեմ լուսանկարս նրան։ Վերջապես գտա նրան եւ ուղարկեցի իմ և  ընտանիքիս լուսանկարը»,– պատմեց Արսենը։

Քլերին գտնելը, սակայն, այնքան էլ հեշտ չի եղել, քանի որ նույն անունով Իռլանդիայից շատ օգտատերեր կային «Ֆեյսբուքում»: Արսենը, սակայն, չի հուսահատվել, բոլորին էլ ուղարկել է նույն բովանդակությամբ նամակ` խնդրելով պատասխանել իրեն. «Արդեն մեկ տարի է` պատասխանի էի սպասում, նամակն ուղարկել էի 2014թ. հունիսի 16-ին և միայն վերջերս` երեքշաբթի օրը, տեսա Քլերի պատասխանը: Նա շատ էր ուրախացել, իր համար շատ անսպասելի էր: Ես էլ անակնկալից շոկի մեջ էի, աշխատել չէի կարողանում ուրախությունից, շատ հետաքրքիր զգացողություններ էին, չեմ կարող նկարագրել»։

Team Hope կազմակերպությունը, որի միջոցով 16 տարի առաջ նվերները հասել էին Հայաստան, իմանալով այս պատմությունը, կապ է հաստատել Արսենի ու Քլերի հետ։ Պատմությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև իռլանդական ԶԼՄ-ների շրջանում, Արսենի խոսքով` արդեն մի քանի ինտերնետային կայքեր, թերթեր ու ռադիոկայաններ անդրադարձել են իրենց պատմությանը. «Իռլանդիայում այս պատմությունը մեծ աժիոտաժ է առաջացրել, ֆեյսբուքում էլ եվրոպական տարբեր երկրներից օգտատերեր են ինձ գրում, շնորհակալություն են հայտնում, որ այդպիսի քայլ եմ արել»,-ասաց Արսենը:

Արսենն ու Քլերը հնարավոր է` առաջիկայում հանդիպեն Team Hope կազմակերպության միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ