News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Երեւանյան ամառ 2015» միջոցառումների շրջանակում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը: Ցուցադրությանը ներկայացվել են 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի հայազգի շուրջ 20 լուսանկարիչների, այդ թվում` Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սեւրուգինի, Յուսուֆ Քարշի, Արթո Գավուքի, Արա Գյուլերի, Հովհաննես Քյուրքչյանի, Գեղամ Թարվերդյանցի, Անդրանիկ Քոչարի աշխատանքները, ովքեր, հաստատվելով տարբեր երկրներում, կարճ ժամանակում իրենց տաղանդի եւ աշխատասիրության շնորհիվ զգալի ներդրում են ունեցել տվյալ երկրի մշակութային կյանքում, նաեւ ձեռք բերել համաշխարհային հռչակ:

Նրանց, ինչպես նաեւ տասնյակ այլ լուսանկարիչների մասին պատմող ու լուսանկարչական աշխատանքները ներկայացնող  նյութերը տարիների ընթացքում հավաքվել է հայր եւ որդի Անդրանիկ ու Վահան Քոչարների կողմից եւ ամփոփվել դեռեւս 2007 թվականին երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ հրատարակված «Հայ լուսանկարիչները» գրքում:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել ու աշխատանքներին ծանոթացել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ցուցադրությունը գնահատելով որպես մայրաքաղաքի մշակութային կյանքի կարեւոր ձեռքբերումներից մեկը՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այն անպայման կունենա շարունակություն:

«Առաջիկայում մենք նախատեսում ենք մայրաքաղաքում բացել լուսանկարչության ցուցասրահ, որտեղ այս ցուցադրությունը կլինի մշտական, բացի այդ, կցուցադրվեն ոչ միայն իրենց բարձր վարպետությամբ եւ կատարելությամբ աչքի ընկնող հայ, այլեւ ժամանակակից անվանի արվեստագետների աշխատանքներ»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին մշակույթի ոլորտի նկատմամբ մշտական ուշադրության եւ նոր, հետաքրքիր ու կարեւոր մտահղացումների համար՝ Վահան Քոչարն ընդգծել է, որ ներկայացված լուսանկարների մի մասը բնագրեր են, ինչն էլ ցուցադրությունը դարձնում է իր տեսակով բացառիկ: Վահան Քոչարի ցանկությամբ հավաքածուն նվիրաբերվել է Երեւանի քաղաքի պատմության թանգարանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ