News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դիլիջանում հունիսի 20-21-ը տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարներին: Քննարկումն իրականացվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդում» խորագրով Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը, դատավորներ, Եվրոպայի խորհրդի փորձագետներ Արամ Օրբելյանը, Եղիշե Կիրակոսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Աիդա Ավանեսյանը, արբիտրներ, փաստաբաններ, այլք:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով եվրոպացի գործընկերներին եւ կլոր սեղան-քննարկման մասնակիցներին, նշել է, որ Հայաստանում արբիտրաժի ինստիտուտն ունի հատուկ ուշադրության կարիք, եւ այդ ոլորտի բարեփոխմանն ուղղված միջոցառումները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար:

Նրա խոսքով՝ արբիտրաժի ինստիտուտով բարեփոխումներ իրականացնելու հիմնական նպատակը արբիտրաժի գործընթացի որակի բարելավումն ու այդ ինստիտուտի նկատմամբ բիզնես ընկերությունների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց (այդ թվում սպառողների) վստահության աճի ապահովումն է: «Արբիտրաժի ճիշտ կիրառումը դատարանների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու հնարավորություն կտա»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում արդարադատության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում եւ այլ իրավական ակտերում կատարված փոփոխությունների եւ լրացումների հիմնական ուղղությունները: Արդարադատության նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ նշված փոփոխությունների եւ լրացումների հիմնական նպատակը «Արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի կողմից 1985 թվականի հունիսի 21-ին ընդունված եւ 2006 թվականի հուլիսի 7-ին փոփոխված «Միջազգային առեւտրային արբիտրաժի մասին» ՅՈՒՆՍԻՏՐԱԼ  տիպային օրենքի վերջին հրատարակությանը համապատասխանեցնելն է:

Կլոր սեղան-քննարկմանը ներկայացվել են նաեւ Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից մշակված Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման վերաբերյալ հայեցակարգը, որում ներկայացվում է արբիտրաժի ոլորտում Անգլիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի փորձը: Արբիտրաժի ինստիտուտի զարգացման  վերաբերյալ ներկայացված հայեցակարգով առաջարկվում է ստեղծել Արբիտրների միություն կամ ասոցացիա, որը կգործի կամավորության սկզբունքով: Ենթադրվում է, որ վերոնշյալ միությունը կիրականացնի արբիտրների կամավոր վկայագրում, ինչպես նաեւ վերահսկողություն՝ արբիտրների վարվելակերպի կանոնները պահպանելու նպատակով:

Առեւտրային արբիտրաժի միջազգային գործարքների շուրջ ծագած վեճերի կարգավորման մեթոդների, արբիտրաժի նստավայրի ընտրության կարեւորության եւ ընտրության ազդեցության մասին զեկույցով է հանդես եկել արբիտր Աիդա Ավանեսյանը, ով, բերելով մի շարք օտարեկրյա պետությունների օրինակներ, նշել է, որ  արբիտրաժի ընտրության վայրը երկրորդական է, ձեւական. կողմերն իրենք ենք ընտրում, թե որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում են ցանկանում իրականացնել արբիտրաժային գործընթացը:

Կլոր սեղան- քննարկման ավարտին մասնակիցների բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Տպել
Ամենաշատ