Երեւանի Բաղրամյան պողոտայում այս պահին նստացույցի մասնակիցները դեռ չեն որոշել՝ հանդիպե՞լ նախագահ Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ակտիվիստների զգալի մասը դեմ է նախագահական պատվիրակություն ուղարկելուն եւ բանակցելուն: (ֆոտոռեպորտաժ)
Նշենք, որ ցուցարարներին են միանում շոուբիզնեսի աստղերը: Վիտամին ակումբի անդամները ցուցարարների հետ զրույցում հայտնեցին, որ իրենք այստեղ են, որպեսզի ուժային բախումներ չլինեն: «Մենք հստակ հասկացել ենք, որ սա քաղաքացիական պայքար է, եւ միացել ենք, ի սրտե ձեզ հետ ենք»,- նշեց Վիտամինի Վաչեն: Նրանք նաեւ դատապարտեցին ոստիկանական հարձակումը, նշեցին, որ իրենք եկել են պատնեշ կազմելու:
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:
Երեկոյան նստացույցի մասնակիցներն ավելի մեծ բազմությամբ են շարժվել դեպի Բաղրամյան պողոտա:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: