News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդները չեն վախենում ոստիկանության ջրցաններից եւ զգուշացնում են՝ ցուցարաների նկատմամբ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանների բռնի գործողությունները «չե՛ն ջրվելու»: Այս մասին են վկայում Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ նստացույց անող երիտասարդների պաստառների գրությունները: 

NEWS.am-ին հաջողվել է գտնել եւ զրուցել Հայաստանում վերջին շրջանի ամենալայնամասշտաբ պայքարի ամբողջ «դուխն» արտահայտող եւ խորհրդանիշ դարձած լուսանկարի հերոս, 21-ամյա Կարո Ղուկասյանի հետ, որը մյուս երիտասարդների նման շարունակելու է պայքարել մինչեւ իրենց պահանջի լիակատար բավարարումը:

Աշխարհի առաջատար լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցերով մեծ տարածում գտած լուսանկարի հերոսը պատմում է, որ այդ պահին ինքն իր զայրույթն է արտահայտել ժողովրդի հանդեպ ոստիկանների բռնության դեմ:

«Այդ ժեստով զայրույթս եմ արտահայտել: Ժեստն այդ իրավիճակի եւ ոստիկանների վերաբերմունքի համար եմ արել»,- նշեց ջրցան մեքենային եւ ոստիկանների բռնությանը միջնամատով արձագանքած Կարո Ղուկասյանը:

Կարո Ղուկասյանի խոսքով՝ հավաքվածները չեն սպասել, որ ոստիկանությունը ջրցան մեքենա կկիրառի իրենց հեռացնելու նպատակով, քանի որ իրենց նստացույցը բացառապես խաղաղ բնույթ է կրել:

«Ժողովուրդը ոչ զինված էր, ոչ կտրող-ծակող գործիքներ ուներ: Բոլորն իրենց համար նստած, խաղաղ նստացույց էին անում: Մենք բացարձակապես չէինք պատկերացնում, որ ոստիկանները մեզ վրա ջրցան մեքենա կկիրառեն, բայց կիրառեցին: Դա բավականին դաժան էր ու ցավոտ»,- ասաց երիտասարդը:

Կարո Ղուկասյանը պատմեց, որ ի թիվս շատերի՝ ինքը նույնպես բերման է ենթարկվել եւ բաժնում 11 ժամ պահվել է, սակայն ոստիկանները նրա նկատմամբ բռնություն չեն կիրառել:

Երիտասարդը միայն ազատ արձակվելուց հետո է իմացել, որ իր լուսանկարը նման լայն արձագանք է ստացել:

«Երբ մտա համացանց, շատ զարմացա նկարի հետ կապված, որովհետեւ չէի պատկերացնում, որ նման լուսանկար գոյություն ունի»,- ասաց նա:

NEWS.am-ի հետ զրույցում լուսանկարի հեղինակ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դեպքի օրը ինքը 4 լուսանկար է արել, բայց փաստորեն աշխարհն ու հայերը հենց Կարո Ղուկասյանի լուսանկարն են լավագույնը ճանաչել:

«Էդ բարդ սիտուացիայում ինքը կադրում լավ երեւացող ֆիգուռա էր: Մյուսները պպզած էին, իսկ ինքը կանգնած էր: Ուրախ եմ, որ էդ նկարի արձագանքը մեծ եղավ, բայց զվյոզդս չի տարել, դա արդեն 6 օր առաջվա նկար ա»,- ասաց լուսանկարի հեղինակը: 

Նշենք, որ հունիսի 23-ի առավոտյան 5:30-ի սահմաններում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ճանապարհային երթեւեկությունն արգելափակած, սակայն ագրեսիա չցուցաբերող մարդկանց դեմ: Բերման են ենթարկվել 237 քաղաքացի, այդ թվում եւ լրագրողներ: 

Տպել
Ամենաշատ