Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը, որ այժմ հավաքվել են Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում գտնվողներին կոչ են արել խոհեմություն դրսեւորել եւ տեղափոխվել Ազատության հրապարակ։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, իրավիճակը Ազատության պողոտայում շատ լարված է։ Բաղրամյան պողոտայի ցուցարարներից մի խումբ եկել է Օպերայի տարածք եւ պահանջում է գնալ եւ միանալ նստացույցի մասնակիցներին։ Ցուցարարների շրջանում պարբերաբար վեճեր են ծագում։
Տարածքում է գտնվում Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որը փորձում է անդորր պահպանել։
«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա քիչ առաջ հուզական ծանր վիճակում է եղել, եւ ընկերները ստիպված են եղել հանգստացնել նրան։ «Ես ինձ մեղավոր եմ զգում, չեմ ուզում արյուն թափվի, հիվանդանոցներից մենք չենք կարող օգնել հասրակությանը: Կոչ եմ անում սթափվել ու վերադառնալ Ազատության հրապարակ»,- ասել է նա:
Նշենք, որ ցուցարարների մի մասը գտնվում է Բաղրամյան պողոտայում եւ մտադիր չէ հեռանալ այնտեղից։ Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել տարածքում։