News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ: Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է Արա Նաջարյանին` Գլենդելի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ, եւ մաղթել նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Համառոտ ներկայացնելով Երեւանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երեւանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում քույր եւ գործընկեր քաղաքների հետ: Քաղաքապետը նաեւ հույս է հայտնել, որ հայազգի գործընկերն իր հերթին կնպաստի, որպեսզի Գլենդելի հետ եւս փոխգործակցությունը լինի արդյունավետ  ու հաջողված:

«Վստահ եմ` Երեւանը եւ Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ եւ հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Հաշվի առնելով նաեւ Գլենդելում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարումը` վստահ եմ, որ մենք կկարողանանք երկուստեք փոխշահավետ համագործակցություն հաստատել ու նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար` Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանն իր հերթին, առանձնակի կարեւորելով հայ համայնքի ակտիվ գործունեությունը, ընդգծել է, որ այն իր ուրույն եւ կարեւոր դերակատարումն ունի Գլենդելի զարգացման հարցում: Արա Նաջարյանը նաեւ վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ Երեւանի եւ Գլենդելի միջեւ կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման համար:

«Իսկապես կա համագործակցության լայն դաշտ ու հատկապես պետք է նկատեմ, պարոն քաղաքապետ, որ Երեւանն իրոք շոշափելի զարգացում է ապրել մի քանի տարվա ընթացքում: Իմ վերջին այցից հետո ուղղակի դարձել է անճանաչելի, ինչն ինձ շատ է ուրախացնում: Ու որպես քաղաքապետ` նաեւ գիտեմ, որ  դա ամենօրյա աշխատանքի ու հետեւողականության արդյունք է: Ուզում եմ նաեւ վստահեցնել, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկուստեք կապերի ամրապնդման ուղղությամբ»,- նշել է Արա Նաջարյանը:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար եւ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ