Այս պահին Բաղրամյան պողոտա են ժամանել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոչինչ չեն ուզում նախաձեռնել, ամեն ինչ նորմալ է այս պահի դրությամբ: Նա վստահություն հայտնեց, որ ցուցարարներն ինքնուրույն կհեռանան Բաղրամյան պողոտայից: (ֆոտոռեպորտաժ)
Հարցին, թե արդյոք երեկ պայթուցիկներով մարդկանց հայտնաբերեցին, Օսիպյանը պատասխանեց, որ համապատասխան մարմինները զբաղվում են:
Դիտարկմանը, թե արդյոք դա չի նշանակում, որ նախապես ուզում եք հարձակման համար հիմքեր ստեղծել, նա արձագանքեց. «Բացառվում է: Մենք արդեն 7 օր այստեղ ենք, փաստեր ունենք, թե ինչեր ենք հայտնաբերել այստեղ՝ ատրճանակ, ավազով շշեր, փայտեր, մահակներ, ոչ սթափ վիճակով քաղաքացիներ, ալկոհոլ, բայց ոժ կիրառելու ոչ մի քայլ չենք ձեռնարկում»:
Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: