News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը ողջունել է հյուրերին եւ բարձր գնահատել ԱՄՀ գործունեությունը Հայաստանում, ընդգծելով, որ հիմնադրամի հետ երկար տարիների համագործակցության արդյունքում մեր երկրում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, եւ տնտեսության մեջ արձանագրված հաջողությունները մեծապես պայմանավորված են նաեւ այդ փոխգործակցությամբ:

Սերժ Սարգսյանը կարեւորել է ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման արդյունքների հաստատումը: Նախագահի համոզմամբ, այդ ծրագրի սահուն ընթացքը ոչ միայն ֆինանսական միջոցների մասնաբաժնի ստացման խնդիր է լուծում, այլ նաեւ ազդարարում է ծրագրի ներքո ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացման եւ դրա հաշվին բարեփոխումների գործընթացի շարունակականության մասին:

Մասուդ Ահմեդը եւս բարձր գնահատելով Հայաստանի հետ ԱՄՀ համագործակցությունը՝ ընդգծել է, որ հիմնադրամն այսուհետ էլ իր փորձով եւ գիտելիքներով Հայաստանի կողքին կլինի եւ կաջակցի առկա խնդիրների լուծման եւ մարտահրավերների դիմակայման գործում, քանի որ ԱՄՀ-ն տարիներ ի վեր եղել եւ մնում է Հայաստանի գործընկերը: Նշելով, որ պայմանավորված ինչպես Եվրոպայի, այնպես էլ տարածաշրջանի անբարենպաստ զարգացումներով՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար բազմաթիվ դժվարություններ եւ նոր մարտահրավերներ կան, ԱՄՀ ներկայացուցիչը հետաքրքրվել է հատկապես միջնաժամկետ հատվածում երկրի զարգացման տեսլականի, ՀՀ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների ու զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ ՀՀ Նախագահի տեսակետներով:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է գործարար միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ աշխատանքը: Մասուդ Ահմեդը հույս է հայտնել, որ Հայաստանը՝ պահպանելով մակրոտնտեսական ցուցանիշները շրջահայաց կերպով կառավարելու ավանդույթը եւ հայ ժողովրդի ձեռներեց ու ստեղծագործ ոգին կապիտալի վերածելու ջանքերը, այս ժամանակահատվածում եւս կկարողանա հաղթահարել առկա օբյեկտիվ դժվարությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ