Բաղրամյան պողոտայում հավաքված ակտիվիստները որոշել են բաց հարթակ ձեւավորել, որտեղ կարող են հանդես գալ մասնագետները եւ նոր առաջարկներ ունեցողները: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ակտիվիստներից Նարեկ Այվազյանը: (ֆոտոռեպորտաժ)
«Մենք անվտանգության խնդիր ունենք եւ բաց հարթակ ձեւավորելու խնդիր ունենք: Բաց հարթակ է ձեւավորվում, որտեղ կարող են հանդես գալ մասնագետները: Մեր հիմնական պահանջներն են՝ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ՀԾԿՀ որոշումը, գործողություններ իրականացնել սակագինն իջեցնելու նպատակով, եւ պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, ինչպես նաեւ ՀԷՑ-ում թալանին մասնակցածներին: Եթե այս թեմայի շուրջ կան մասնագիտական կարծիքներ, կարող են հերթով ելույթ ունենալ, յուրաքանչյուր ելույթը կարող է տեւել մինչեւ երեք րոպե»,-ասաց նա:
Մեկ այլ ակտիվիստ նշեց. «Որպեսզի պայքարը չմարի, պետք է բաժանվել խմբերի, որոնց մի մասը քաղաքի տարբեր հատվածներում երթեր կանցկացնեն, մյուս մասը կապահովի այստեղ ներկայություն: Հարկավոր է նաեւ պաշտոնական նամակ պատրաստել ոստիկանությանն ու Սերժ Սարգսյանին՝ կապված հունիսի 23-ին քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու հետ»:
Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: