Ոչինչ բացառել հնարավոր չէ, կարող է Բաղրամյան պողոտայի եւ Ազատության հրապարակի ակտիվիստները միանան: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքս Սարգսյանը: (ֆոտոռեպորտաժ)
«Այնտեղ մեր ընկերներն են՝ անկախ մեր հանդեպ իրենց դիրքորոշումից: Քննարկումից հետո պարզ կլինի: Հիմնականում հիմա մեր խնդիրն ավելի շատ ՀԷՑ-ի աուդիտի հետ է կապված եւ հնարավորություն կա մասնակցելու այդ աուդիտին: Ինչո՞ւ չմասնակցել: Այդ ընթացքում կարելի է հասկանալ նրանց տրամադրվածությունը տանում է փակուղի՞, թե լուծման: Եթե փակուղի կտանի, նորից փողոց դուրս կգանք»,-հայտարարեց նա:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ակտիվիստներին եւս առաջարկեց մասնակցել ՀԷՑ-ի միջազգային աուդիտին, Մաքս Սարգսյանը պատասխանեց. «Քննարկումներից պարզ կլինի: Պետք է գտնել մարդիկ, որոնք կհասկանան գործընթացից, կկարողանան վերահսկել ու որոնք չեն ծախվի»:
Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում հավաքված ակտիվիստներին, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամն ասաց. «Մարդիկ նպատակահարմար են գտնում պայքարը շարունակելը՝ փողոցը փակելով: Դա իրենց ընտրությունն է: Ես որքան տեսնում եմ, այնտեղ պահանջները նույնն են, քաղաքական որեւէ բան չեմ նկատում»:
Հարցին,թ ե որքանո՞վ է նպատակահարմար երկու մասի բաժանված պայքարելը, ակտիվիստը արձագանքեց. «Որքան շատ պայքարի օջախներ լինեն, այնքան արձագանքը մեծ կլինի, այնքան ավելի շատ մարդիկ կներգրավվեն, այնքան ավելի շատ տարածություն կունենանք ընդվզելու: Որքան շատ աղբյուրներ լինեն պայքարի, այնքան ավելի լավ»:
Ձեր պայքարը հաղթանակո՞վ ավարտվեց, հարցին էլ արձագանքեց. «Ոչ, սա ընդամենը կես քայլ առաջ էր: Հաղթանակ միայն մի մասով, որ այս պահին ՀՀ քաղաքացու գրպանից ավել գումար դուրս չի գալու: Բայց այդ գումարը դուրս է գալու պետության պահուստից»:
Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: