«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները երբեւէ չեն վարկաբեկել Բաղրամյան պողոտայում մնացած ցուցարարներին: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողներին ասացին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:
«Այս ընթացքում շատերը փորձում էին մեր անունից վարկաբելել Բաղրամյանում գտնվողներին, բայց նրանք մեր ընկերներն են, մենք էլ կանգնում ենք նրանց կողքին, խնդրում ենք՝ մեր անունից նման հայտարարություններ չանել, որ Բաղրամյանում գտնվողները սադրիչներ են եւ այլն, նման բան չկա»,-ասաց նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը:
Նախաձեռնության անդամները նշեցին, որ հիմա է իրենք կանգնում են Բաղրամյանում գտնվողների կողքին, սակայն մեկ անգամ եւս նշեցին, որ իրենց պայքարը այլ՝ իրավական, հարթությունում են շարունակելու:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: