News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի 2015թ.-ի ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող բարեկարգման աշխատանքներին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետեւել է Աջափնյակ վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Աջափնյակի «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ, հետեւել իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի շրջանակում հարմարավետ  պայմաններ կապահովվեն շուրջ 3750 ընթերցողների եւ գրադարանում առկա շուրջ 213000 կտոր գրականությունը պահելու համար: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով որակին, նաեւ հետեւել, որ աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետում: Զրուցելով գրադարանի աշխատակիցների հետ` Տարոն Մարգարյանը նշել է, որ մինչեւ տարեվերջ մայրաքաղաքում լիովին կլուծվի գրադարանների հիմնանորոգման տասնամյակների խնդիրը:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության կենտրոն, որտեղ եւս հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Քաղաքապետին զեկուցվել է, որ հիմնադրման օրից ի վեր, մշակութային օջախը երբեւէ նորոգման չէր ենթարկվել:  Ծրագրի շրջանակում հարմարավետ պայմաններ կապահովվեն կենտրոնում գործող կերպարվեստի ու բեմարվեստի, հելունագործության եւ ձեռքի աշխատանքների, անգլերենի, դաշնամուրի, ժողովրդական եւ ժամանակակից պարերի, կարատեի եւ մարմնամարզության խմբեր հաճախող շուրջ 540 երեխաների համար։ Կրթօջախի տնօրենը կոլեկտիվի եւ կենտրոնի սաների ու ծնողների երախտագիտությունն է փոխանցել քաղաքապետին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետեւողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ վստահեցրել է, որ կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգման ծրագիրը կլինի շարունակական այնքան ժամանակ, քանի դեռ մայրաքաղաքում կա դրա անհրաժեշտությունը:

«Մենք հայտարարել էինք, որ պետք է կարճ ժամանակահատվածում նորոգման լուրջ աշխատանքներ իրականացնենք կրթամշակութային հաստատություններում, ինչն էլ այսօր հետզհետե կյանքի է կոչվում: Եվ համոզված եղեք, որ այս ծրագրերը կլինեն շարունակական, եւ բոլոր այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջեւ, հետզհետե կստանան լուծումներ», - շեշտել է քաղաքապետը:

Տպել
Ամենաշատ