News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու եւ ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ ձեռք բերված համաձայնության արդյունքում մայրաքաղաքից զորակոչված ժամկետային զինծառայողներին կարճաժամկետ արձակուրդի հնարավորություն է ընձեռվում։ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանից զորակոչված 43 ժամկետային զինծառայողներ 5-օրյա եւ 10-օրյա արձակուրդով հունիսի 30-ից Երեւանում են։

«Հաջողված այս համագործակցության համար առանձնակի շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Պաշտպանության նախարարին եւ վստահեցնում եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական։ Նաեւ շնորհակալ եմ բոլոր այն ծնողներին, ովքեր դաստիարակել են քաջ զավակներ, որոնց շնորհիվ մեր սահմաններն այսօր ամուր են ու անառիկ: Ձեզ էլ բարի ծառայություն եմ մաղթում, տղե՛րք ջան: Միշտ հիշեք, որ մենք հպարտ ենք ձեզանով եւ համոզված եմ, որ ի դեմս ձեզ՝ մենք ունենք արժանի սերունդ, ովքեր պատվով ու պատասխանատվությամբ նաեւ կշենացնեն մեր երկիրը»,- նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապա շնորհակալություն հայտնել նաեւ հանդիպմանը ներկա ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին եւ ՀՀ ՊՆ երկրորդ կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանին՝ զինվորականների այցը նախապատրաստելուն աջակցության համար։

Այնուհետ, ի նշան երախտագիտության, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երեւանի զինանշան» հուշամեդալներով է պարգեւատրել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ Երեւանի համայնքի եւ Գեղարքունիքի մարզի միջեւ համագործակցության ընդլայնման համար, եւ ՀՀ ՊՆ երկրորդ կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար։ Շուրջ երկու տասնյակ սպաներ էլ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի շնորհակալագրով։

Զինծառայող որդիների հետ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելու համար Երեւանի քաղաքապետին ու ՀՀ Պաշտպանության նախարարին ուղղված շնորհակալական խոսք են ասել նաեւ զինծառայողների ծնողները՝ նշելով, որ այսկերպ սատարումը առավել ամուր ու մարտունակ է դարձնում մեր սահմանների այսօրվա պաշտպան իրենց որդիներին։

Տպել
Ամենաշատ