Բաղրամյան պողոտայում ցուցարարներից 2 երիտասարդներ ժամը 18.00-ի սահմաններում հացադուլ են հայտարարել՝ Իսահակյան-Բաղրամյան խաչմերուկում: Նրանք են Հարություն Հարությունյանն ու Հայկ Պարիկյանը։ Նրանք դեռ չգիտեն, թե որքան կշարունակեն հացադուլը:
Հացադուլավորները պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը:
Քիչ առաջ նրանց մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ հետաքրքրվեց, թե ովքեր են հացադուլ հայտարարողները, որքան ժամանակով են հացադուլ հայտարարել, ինչին նրանք պատասխանեցին. «Մինչեւ մեր պահանջը կատարեն»:
Լրագրողների հարցին, թե արդյոք ՀՀ ոստիկանապետը տեղյակ է, որ հացադուլ հայտարարողներ կան, Օսիպյանն արձագանքեց. «Ոստիկանապետը տիրապետում է օպերատիվ իրավիճակին»:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանությունն արգելել է բարձրախոսներ տեղադրել։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել է ցուցարարներին եւ հայտարարել, թե հավաքը ապօրինի է, բարձրախոսների տեղադրումը եւս, ուստի իրենք արգելել են դրանք տեղադրել։
Օսիպյանի եւ ցուցարարների միջեւ վեճ ծագեց, ցուցարարները Օսիպյանից փորձում էին ճշտել, թե այդ որ օրենքով է արգելվում բարձրախոսների տեղադրումը։ Ի վերջո, բարձրախոսները չտեղադրվեցին։ Ոստիկանների թիվը տարածքում ավելացել է։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: