News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դատախազներին՝ Դատախազության աշխատողի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ դատախազներ,

Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության 97-ամյակի կապակցությամբ:

Այսօր Հայաստանի Հանրապետության դատախազության առջեւ ծառացած են բազմաթիվ դժվարին խնդիրներ, որոնց շարքում հատկապես կարելի է առանձնացնել օրենքի գերակայության ամրապնդումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածն ամրագրում է, որ մեր երկիրը ժողովրդավարական եւ իրավական պետություն է: Դա ձեր գործունեության անկյունաքարն է, ուստի եւ ձեր կառույցին կարեւոր առաքելություն է վերապահված մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում:

Դուք պետք է անզիջում լինեք մեր հասարակությունը թուլացնող կոռուպցիայի դրսեւորումների հանդեպ, որոնցից ազատվելու համար մեզ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ինչն անհնար է առանց ձեր անխոնջ եւ աննկուն աշխատանքի: Պետք է առաջնորդվեք սկզբունքայնությամբ եւ մասնագիտական պատվախնդրությամբ: Վստահ եմ, որ որդեգրելով աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներ, դուք կկարողանաք արդյունավետորեն լուծել ձեր առջեւ դրված խնդիրները:

Ուրախ եմ, որ դատախազության համակարգը շարունակաբար համալրվում է երիտասարդ, բանիմաց ու գիտակ իրավաբաններով: Հավատում եմ, որ այս ոլորտում որակյալ մասնագետների լուրջ ներուժ կա, որը կարող է իրագործել Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատասխանատու գործունեության մեջ, քաջառողջություն եւ հաջողություններ ձեզ եւ ձեր ընտանիքներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ