News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երեւանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում ներկա է գտնվել Սփյուռքահայ ուսուցիչների 2015 թվականի ծրագրի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչներին՝ շեշտելով, որ, նրանք հայ դպրությունն ապահովող այն առաքյալներն են, ովքեր  ճակատագրի բերումով ստիպված են հայեցի սերունդ կրթելու գործն իրականացնել հայրենիքից դուրս. "Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումն ավանդական դասընթաց չէ, մեզ համար շատ կարեւոր է մշտական ու հետադարձ կապ պահել մեր սփյուռքահայ ուսուցիչների հետ: Պատահական չէ, որ յուրաքանաչյուր առիթով՝ սեպտեմբերի 1, ուսուցչի տոն մենք հիշում, գնահատում եւ մեծարում ենք ոչ միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, այլեւ Ջավախքի ու սփյուքի այլ գաղթօջախների ուսուցիչներին: Դուք հայկական կրթական համակարգի մի կարեւոր մասն եք, մենք շատ ենք կարեւորում հայկական կրթությունը Հայաստանից դուրս: Ազգային ինքնության պահպանման դեմ ծառացած մարտահրավերները լավագույնս հաղթահարելու միջոցը՝ մայրենի լեզվի, պատմության, հայ գրականության  իմացությունն է: Ցավոք, ինքս, հաճախ լինելով արտերկրում,  տեսնում եմ հայերի, ովքեր հայերեն չեն խոսում: Երիտասարդ սերունդը, շատ դեպքերում իրեն հայ զգալով, չի տիրապետում հայերենին: Հայախոս սերունդ ունենալու հարցում, ի թիվս բազում այլ խնդիրների՝ շատ կարեւոր է ուսուցչի դերը եւ համայնքի ինքնակազմակերպումը: Մեր մեծ ցանկությունն է, որպեսզի այս ծրագրերը ձեզ համար լինեն առավել օգտակար",-նշել է նախարարը եւ հույս հայտնել, որ մեկամսյա վերապատրաստման դասընթացի ընթացքում ուսուցիչներն իրենց հետ սփյուռքի կրթօջախներ կտանան, ոչ միայն ժամանակակից մանկավարժական գիտելիքներ, այլ նաեւ մեծ սեր՝ դեպի հայրենիքը:  Նախարար Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ, որ կրթական ասպարեզում առավելագույնս  օգտագործվեն տեղեկատվական տեխնոլոգիական միջոցները, որպեսզի սփյուռքի մասնագետները կարողանան լայնորեն օգտագործեն էլեկտրոնային  հայալեզու կրթական պաշարները: Նախարարի խոսքով 21-րդ դարում ավանդական դասագրքերի բացակայությունը այլեւս չի կարող պատճառ եւ խոչընդոտ հանդիսանալ հայեցի կրթության կազմակերպման համար. "Բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները վաղուց հասանելի են համացանցում: Կոչ եմ անում եւ հորդորում բոլորիդ՝ առավելագույնս օգտագործեք էլեկտրոնային շտեմարաններն ու կրթական պաշարները, որոնք հուսով եմ երեխաների մոտ ավելացնելու են  հետաքրքրությունը դեպի  մայրենին",- կոչ է արել Ա.Աշոտյանը:

Սփյուռքահայ ուսուցիչների այս տարվա վերապատրաստման  ծրագրին մասնակցում են 63 ուսուցիչներ՝ 15 երկրներից: Ծարգրի տեւողությունը մեկ ամիս է: Այս տարի նախատեսված է վերապատրաստում՝ վեց ուսումնական խմբերում. մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, հայոց պատմության եւ հայրենագիտության, լրացուցիչ կրթության կազմակերպման:

Հայոց լեզվի եւ գրականության դասավանդման խումբը վերաձեւավորվել է երկու տարվա ընդմիջումից հետո,  այն այս տարի ամենամեծն է /մասնակցության հայտ է ներկայացրել 16 մասնագետ/: Հայոց պատմության եւ հայրենագիտության խումբը ձեւավորվում է առաջին անգամ/ խմբում գրանցվել են 6 հոգի/. նախկինում պատմության եւ հայրենագիտության բաղադրիչը ներառված է եղել այլ ծրագրերում:

Սփյուռքահայ ուսուցիչների 2015թ. վերապատրաստման ուսումնական ծրագրով նախատեսված են  լսարանային եւ պրակտիկ պարապմունքներ, ինչպես նաեւ  վարպետաց դասեր՝ բոլոր խմբերի ուսուցիչների համար: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է երկօրյա մանկավարժական գիտագործնական կոնֆերանս, որը այս տարվա վերապատրաստման ծրագրի նորությունն  է: Կոնֆերանսի նպատակն է փորձի առավել արդյունավետ փոխանակում կազմակերպել տարբեր երկրների հայ ուսուցիչների միջեւ, ներկայացնել մանկավարժության ոլորտի մեթոդական նորարարությունները:

Կոնֆերանսին մասնակցելու համար արդեն գրանցվել են Սփյուռքի եւ Հայաստանի շուրջ 20 մասնագետներ: Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվում են ՀՀ ԿԳ նախարարության եւ Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր: Ծրագրի շրջանակում նախատեսված է նաեւ  այցելություններ  թանգարաններ եւ պատմաճարտարապետական հուշարձաններ: Սփյուռքահայ ուսուցիչների  վերապատրաստման ծրագիրը գործում է 2000 թվականից:  Սկսած 2002 թվականից այն ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից : 2015 թ. ծրագրին մասնակցում են ուսուցիչներ Աբխազիայից ՝ 1,  ԱՄՆ-ից՝ 11,  Բելառուսից՝ 2, Բրազիլիայից՝ 1, Էստոնիայից ՝ 2, Թուրքիայից ՝ 2, Իրանից՝ 6, Լիբանանից՝ 3, Կանադայից՝ 1, Շվեդիայից՝ 1, Շվեյցարիայից՝ 1,  ՌԴ-ից՝ 10, Սիրիայից՝ 14, Վրաստանից՝ 7  եւ  Ուկրաինայից՝ 1: ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության եւ ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները:

Տպել
Ամենաշատ