News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 28-ին Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի նահատակաց հուշարձանի մատուռից Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արեւելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, Բեյրութում գտնվող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պատվիրակության անդամներ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ Հանրային խորհրդի անդամ, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, «Անդին» հասարակական-քաղաքական ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը, ինչպես նաեւ ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի, ՀԵԸ-ի սկաուտական խմբերի անդամներ, կրոնական այրեր եւ բազմաթիվ հյուրեր:

Համահայկական 6-րդ խաղերին բարի երթ մաղթեց Արամ Ա կաթողիկոսը` համոզմունք հայտնելով, որ այս համազգային նախաձեռնությունն ավելի միասնական կդարձնի հայ ժողովրդին:

Ապա կաթողիկոսարանի վեհարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ընդունեց համահայկական 6-րդ խաղերի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Արամ Ա կաթողիկոսն անդրադարձավ Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին, կարեւորեց համազգային նախաձեռնությունները, մասնավորապես` Համահայկական խաղերի անցկացումը, որը լավ միջոց է հայ ժողովրդի միասնականության եւ համախմբվածության համար:

Իշխան Զաքարյանը, իր խոսքում, անդրադարձավ «Միասնություն սպորտով» նշանաբանով անցկացվող Համահայկական խաղերի պատմությանը եւ դրանց կարեւորությանը աշխարհասփյուռ հայության համար:

Այցի վերջին օրը Հայաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց Հայկազյան համալսարան, որտեղ նրանց ողջունեց Համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Հանդիպման ընթացքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը բարձր գնահատեց Հայկազյանի առաքելությունը` ուղղված հայապահպանությանը եւ հայագիտական հետազոտությունների իրականացմանը, Հայակազյանի սերտ համագործակցությունը Հայաստանի պետական կսռույցների, կրթական եւ մշակութային հաստատությունների հետ: Այնուհետեւ դեսպանը համալսարանի նախագահին փոխանցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակները` Հայկազյանի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ:

ՀՀ պատվիրակությունն այցելեց նաեւ հայաբնակ Այնճար ավանը, որտեղ հանդիպումներ ունեցավ Այնճարի քաղաքապետի եւ ազգային կառույցների ղեկավարների հետ:

Տպել
Ամենաշատ