Բաղրամյան պողոտայում նախորդ օրը՝ հունիսի 30-ին, հացադուլ հայտարարած ցուցարարներ Հարություն Հարությունյանն ու Հայկ Պարիկյանը որեւէ կուսակցության չեն պատկանում, քաղաքացիական ակտիվիստներ են: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին հացադուլավորները:
«Մենք մինչեւ այս ոչ մի քաղաքական կամ քաղաքացիական պայքարի չենք մասնակցել, ոչ մի կուսակցության հետ կապ չունենք: Մեզ Բաղրամյան պողոտա բերեց ոստիիկանների նման վարվելակերպը՝ մարդկանց ջրով շպրտելը 10 մ էս կողմ, էն կողմ: Ուրիշ ձեւ էլ չենք կարողանում պայքարել, ոնց պայքարում ենք մեզ չեն լսում»,- ասաց հացադադուլավորներից Հարություն Հարությունյանը ՝ նշելով, որ նստացույցը բավարար չէ բողոքի համար, այդ պատճառով էլ իրենք որոշել են հացադուլ սկսել:
Հացադուլավորները նշեցին, որ իրենք բանական մարդիկ են, գիտակցում են, որ ռիսկի տակ են դնում իրենց առողջությունը, սակայն դա նրանց հետ չի պահում:
Տղաները, որոնցից մեկը մասնագիտությամբ խոհարար է, մյուսը հեռախոսների առուվաճառքով է զբաղվում, դադարեցրել են իրենց աշխատանքը, մինչեւ կավարտվի հացադուլը:
Թե երբ կավարտեն հացադուլը, տղաները առայժմ ժամկետ չեն նշում:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: