News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրային:

Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ դրվատանքի է արժանի Հայաստանի և Հորդանանի միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու այդ նպատակով նախորդ օրը երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրված փաստաթուղթը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այն կնպաստի կրթության և գիտության բնագավառում արդյունավետ ու կանոնակարգված փոխգործակցության զարգացմանը, նաև՝ երկկողմ ակտիվ շփումներին:

Անդրադառնալով երկկողմ միջպետական հարաբերություններին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է բարեկամ Հորդանանի հետ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և համընդգրկուն փոխգործակցության զարգացմամբ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել 2014 թվականի հոկտեմբերին Հորդանան կատարած իր պաշտոնական այցի և անկեղծ ու կառուցողական մթնոլորտում Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ ունեցած բանակցությունների, դրանց արդյունքում ձեռքբերված բարձր մակարդակի պայմանավորվածությունների մասին, որոնք, Նախագահի համոզմամբ, վկայում են հայ-հորդանանյան համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու երկուստեք պատրաստակամության մասին:

Նախարար Լաբիբ Խադրան շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ հյուրընկալության համար և կարևորել հայաստանցի գործընկերոջ հետ ստորագրված համագործակցության ծրագիրը, որը, նրա խոսքով, զգալիորեն կնպաստի կրթության և գիտության բնագավառում երկկողմ հարաբերությունների սերտացմանը, ուսանողների փոխանակմանը, ինչպես նաև գիտահետազոտական բնագավառում համագործակցությանը:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են Հորդանանի հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված յուրահատուկ կամուրջ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հորդանանի իշխանություններին՝ Ամմանի քաղաքապետի մակարդակով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցության համար: Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի անունից նաև երախտագիտություն է հայտնել արաբ ժողովրդին, որն անցյալ դարասկզբին ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի մի հատվածին: Արաբ ժողովրդի մարդասիրական վերաբերմունքը, Նախագահի համոզմամբ, մշտապես հիշվում և բարձր է գնահատվում հայ ժողովրդի կողմից:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ