Բաղրամյան պողոտան ազատելը ոստիկանությունը թողնում է ցուցարարների ողջամտության վրա: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, հայտարարել է Բաղրամյան պողոտա այցելած Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ ցուցարարները անօրինականորեն սահմանափակել են այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Հարցին, թե հիմա ոստիկանությունը բացառո՞ւմ է ուժի կիրառումը ցուցարարների նպատմամբ, Օսիպյանը պատասխանել է. «Թեեւ օրենքով թույլատրված է, բայց ինչպես տեսնում եք, ոչինչ չի արվում»:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: