Ոստիկանությունը քիչ առաջ Բաղրամյան պողոտայից հեռացրեց հատուկ նշանակության տեխնիկան, այդ թվում ջրցան մեքենան՝ «այսօրվա առանձնահատկությունից ելնելով»: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին Բաղրամյան պողոտայում լրագրողներին հայտնեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ոստիկանությունը յուրահատուկ է վերաբերվում յուրաքանչյուր օրվան: Այսօր այսպես էր նպատակահարմար: Վաղվա առանձնահատկությունից ելնելով չի բացառվում, որ էլի հետ բերվեն»,-ասաց նա, ապա հավելեց. «Ջրցանով գեղեցիկ էր նայվում, բայց այսպես էլ է գեղեցիկ: Յուրաքանչյուր գեղեցկություն առանձնահատկություն ունի»:
Անդրադառնալով ոստիկանության երեկ տարածած հայտարարությանը, թե եթե այսպես շարունակվի, ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, Օսիպյանն արձագանքեց, որ ըստ անհրաժեշտության «օրենքով նախատեսված բոլոր միջոցներին դիմելով կհաստատեն հասարակական կարգը»:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: