News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց ամառային լողաշրջանի բացմանը:

Նա ուժեղացված հերթապահության ընթացքում հաջող ծառայություն մաղթեց ջրափրկարարական ջոկատի անդամներին՝ նշելով. «Փրկարարների արագ եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ հնարավոր է խուսափել դժբախտ պատահարներից: Ձեզանից յուրաքանչյուրի կյանքը մեզ համար թանկ է»: Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ Է. Գալստյանը ներկայացրեց ջրափրկարարական եւ ջրասուզական հանդերձանքը, փրկարարական համապատասխան սարքավորումները: Նա նշեց, որ առավոտյան ժամը 09:00-ից մինչեւ 21:00 հերթապահություն է սահմանված հանրային լողափերում եւ հավելեց.

«Լողափերը մշտապես մեր վերահսկողության տակ են: Ունենք անհրաժեշտ հանդերձանք եւ տեխնիկա՝ փրկարարական աշխատանքներն իրականացնելու համար: Պարզապես խորհուրդ կտամ ամառային հանգիստը Սեւանում կազմակերպող քաղաքացիներին ուշադրության կենտրոնում պահել երեխաներին, լողալ նշված հատվածներում, հետեւել հերթապահություն իրականացնող փրկարարաների խորհուրդներին:

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կարեւորեց մարզում փրկարար վարչության ստեղծումը, անդրադարձավ «911» ծառայության գործունեությանը.

«Ամեն տարի մեզ մոտ իրենց հանգիստն են անցկացնում մոտավորապես 55 000 քաղաքացի: Փրկարար ծառայությունը այդ ընթացքում աշխատում է ուժերի մեծ լարումով:

Արդյունավետ իրազեկման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել բազմաթիվ պատահարներից: Մարզային փրկարար վարչությունը մեծ անհրաժեշտություն էր բոլորիս համար: «911» ծառայության տեղայնացման շնորհիվ բոլոր ահազանգերը գրանցվում են մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը հնարավորություն է տալիս փրկարարաներին առավել արագ արձագանքել:

Տարածքը սպասարկող 35 անդամից բաղկացած Հատուկ ջրափրկարարական ջոկատն ամռան ամիսներին առավել զգոն է աշխատում»:

ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Ճզմաչյանը ներկայացնում է խմբերի աշխատանքը եւ դիմում քաղաքացիներին. «Հետեւեք ցուցումներին: Մի անցեք լողանշանները, ոչ սթափ վիճակում ջրային տրանսպորտից չցատկել»:

Հերթապահությունը սահմանված է երեք հանրային լողափերում, բայց անհրաժեշտության դեպքում հերթապահություն իրականացնող խումբը պատրաստ է արձագանքել մասնավոր լողափերի ահազանգերին: Փրկարարական ծառայությունը հանրային լողափերում իրականացվում է դիտարկման եղանակով` բարձր աշտարակների վրայից, մոտորանավակներով կատարվում են պրոֆիլակտիկ շրջայցեր, բարձրախոսերով ցուցումներ եւ հրահանգներ են տրվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ