News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2014-2015 ուսումնական տարին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցականների համար, առարկայական օլիմպիադաներին ու գիտելիքի խրախուսմանը միտված տարբեր մրցույթների  մասնակցելու առումով, հաջողված է եղել: Ինչպես ՀՀ ԿԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է հանրակրթության  վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները 2014 թվականին նվաճել են 20 մեդալ /1 ոսկի, 9 արծաթ եւ 11 բրոնզ/:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետի տեղեկացմամբ 2014-15 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի 1500-ից ավելի դպրոցականներ մասնակցել են 16 առարկայական օլիմպիադաների. "Հաղթողներից ձեւավորվել է միջազգային առարկայական օլիմպիականների  թիմը: Հայաստանում հաջողություններ  արձանագրած 27 դպրոցականներ 6 առարկաներից մասնակցելու են միջազգային օլիմպիադաների: Այս օրերին երեխաները  գտնվում են ամառային ճամբարներում եւ պատրաստվում են միջազգային օլիմպիադաներին",- տեղեկացրել է Ն. Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ գիտելիք խրախուսմանը միտված միջոցառումների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել «Կենգուրու» մաթեմատիկական շարժումը, որը տարեցտարի ավելի զանգվածային է դառնում Հայաստանի եւ Արցախի դպրոցներում: 

Ասուլիսին ներկա «Այբ» կրթական հիմնադրամի   գործադիր տնօրեն  Դավիթ Սահակյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում «Կենգուրուն» անցկացվում է յոթերորդ, իսկ Արցախում 5-րդ անգամ: Այս տարի «Կենգուրու» մրցույթին մասնակցել են Հայաստանի եւ Արցախի 1068 դպրոցների 3-12-րդ դասարանների շուրջ 45 հազար աշակերտներ, որն աննախադեպ ցուցանիշ է եղել: Նրանցից 4-ը դարձել են մրցույթի հաղթողներ, 1389-ը՝ մրցանակակիրներ, որոնցից 461-ը գրանցել է լավագույն արդյունք եւ արժանացել պատվոգրի. «Կենգուրուն մասսայական մրցույթ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի փորձել սեփական ուժերը՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից: Այս մրցույթի հիմնական առանձնահատկությունն այն է, որ երեխաների    արդյունքները համեմատվում են ոչ թե մյուս մասնակիցների ցուցաբերած արդյունքի, այլ նախապես սահմանված անցումային շեմերի հետ, ինչը հնարավորություն է տալիս, որ մրցույթում հաղթող ճանաչվեն մեծ թվով երեխաներ»,-նշել է Դ. Սահակյանը՝ ավելացնելով, որ սա երեխաների համար հնարավորություն է՝ միանալու միաջազգային մեծ շարժմանը:

Օգտագործելով առիթը՝ Դ. Սահակյանը շնորհակալություն է հայտնել  ՀՀ եւ ԼՂՀ դպրոցներին՝ մրցույթի կազմակերպմանը ակտիվ մասնակցելու համար:

«Կենգուրու» շարժմանը մասնակցում են 70 երկիր եւ ավելի քան 7 մլն երեխա. ամեն տարի նույն  օրը, նույն ժամին նրանք միասին  կենտրոնանում են մաթեմատիկայի  նույն խնդիրների շուրջ: Մրցույթի մասնակցության ցուցանիշով  Հայաստանը աշխարհում առաջատարներից մեկն է՝ դպրոցականների մոտ 11  տոկոսը մասնակցում են «Կենգուրուին»: Նշենք նաեւ, որ ասուլիսին ներկա են եղել նաեւ մրցույթի հաղթողները՝ Էրիկ Մելիքյանը, Սերյոժա Դանիելյանը, Սերգեյ Ներսիսյանը եւ Արտաշես Գյոլեցյանը:

Տպել
Ամենաշատ