News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստից մի շարք նամակներ, որոնք ուղարկվել են նրա՝ պետքարտուղար եղած տարիներին: «The New York Times»-ի փոխանցմամբ, դրանք վերաբերում են առօրյա մի շարք իրադարձությունների, այդ թվում՝ Աֆղանստանում պատերազմին, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վեճին, կանանց խնդիրներին:

«Los Angeles Times» հրապարակել է Հայաստանին եւ Թուրքիային վերաբերող նամակները: Բոլորն էլ թվագրված են 2009 թվականի օգոստոսի 30-ով: Նամակներից մեկում Հիլարի Քլինթոնը պետքարտուղարության աշխատակցուհուն հարցնում է, թե ինչ է Թուրքիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Դավութօղլուի անունը, իսկ նա պատասխանում է՝ Ահմեդ: Մեկ այլ նամակում պետքարտուղարը ցանկանում է ավելի հստակ իմանալ, թե բանակցությունների օրակարգում ինչ հարցեր կան:

Բացի այդ, պետքարտուղարի այն ժամանակվա օգնական Ֆիլիպ Գորդոնը նույն աշխատակցուհուն տեսքի պատճեն է ուղարկում՝ նշելով, որ թուրքերը համաձայն են այն հրապարակել եթե հայերը համաձայնեն: «Եվ նրանք կհամաձայնեն միայն այն դեպքում, եթե Թուրքիան նախապես համաձայնություն հայտնի փաստաթղթերը ստորագրել հոկտեմբերի 14-ին»,- հավելել է նա: Գորդոնը նաեւ հաղորդել է. «Շվեյցարիայի ԱԳ նախարարին խնդրել եմ առաջինն ընդառաջել Դավուին, եւ եթե դա հաջողության չբերի, մեզ, հավանաբար, պետք կգա Հիլարի Քլինթոնը»:

Հաջորդ նամակում պետքարտուղարի օգնականը գրում է. «Մենք տեղեկացրեցինք, որ նա պատրաստվում է զանգահարել (կարծում եմ՝ Դավուն Սլովենիայում է, բայց պետք է հասանելի լինի): Կարծում եմ՝ մեկ կամ երկու բառերի փոփոխությունից հետո ստացանք նրա համաձայնությունը տեքստի վերաբերյալ, եւ Դավուն կիմանա, որ առանցքային հարցը ստորագրության եւ խորհրդարաններին ներկայացնելու ամսաթվի հարցերւ համաձայնեցումն է: Մենք թուրքերին ասացինք, որ դա «պետք է լինի» հոկտեմբերի սկզբին: Եթե ընդհանրապես նրանք համաձայնեն որեւէ ամսաթվի, ապա դա, հավանաբար, կլինի հոկտեմբերի 12-ը: Ավելի դժվար կլինի համոզել մյուս կողմին, բայց նվազագույնը, որ մեզ անհրաժեշտ է, այդ ամսաթիվն է»:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: 2008 թվականին հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն սկսվեց՝ Շվեյցարիայի միջնորդությամբ: 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում հարաբերերությունների կարգավորման մասին արձանագրություններ ստորագրեցին, որոնք պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարանները: Սակայն Անկարան սկսեց ղարաբաղյան հակամարտության հարցով նախապայման առաջադրել՝ խափանելով կարգավորման գործընթացը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թվականի փետրվարի 16-ին նամակով դիմեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու իր որոշման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ