News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 1-ին կայացած նիստին մեղադրողը միջնորդել է Արտակ Բուդաղյանին տուգանել 150 հազար դրամի չափով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հույս ունի, որ Արտակ Բուդաղյանին կարդարացնեն: Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 14-ին: «Ակնհայտ անհիմն է, նպատակ է հետապնդում` Բուդաղյանի գործողությունները արհեստականորեն ծանրացնելու միջոցով արդարացնել Տիգրան Խաչատրյանի կողմից կատարված հանցագործությունները: Իրենց /Խաչատրյաններին ու նրանց պաշտպանությունը ստանձնած դատախազությանը/ օդի պես անհրաժեշտ է մի հատ մեղադրական դատավճիռ Արտակ Բուդաղյանի նկատմամբ, ինչ գնով էլ լինի: Այստեղ դեր չի խաղում պատժի չափը, կարևորը` մեղադրական լինի, որ նրանց գործողություններին արդարացում գտնվի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ