Բաղրամյան պողոտայում արդեն 12-րդ օրն է՝ շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում պահանջող քաղաքացիների նստացույցը:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, Բաղրամյան պողոտայում այս պահին իրավիճակը խաղաղ է, նստացույցի մասնակիցները ազգագրական պարեր են կատարում: Ակտիվիստների մի մասը վոլեյբոլ ու ֆուտբոլ է խաղում, մյուս մասն էլ՝ հանրային քննակումներ եւ իրազեկման երթեր անցկացնում:
Նշենք, որ այսօր ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրել է ջրցան մեքենաներն ու զրահամեքենաները: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հորդորում է պահպանել համակեցության կանոնները, քանի որ հարակից շենքերի բնակիչները, նրա խոսքով, բողոքում են աղմուկից:
Նշենք նաեւ, որ նստացույցի 12-րդ օրը նստացույցի մասնակիցների թիվը զգալիորեն պակասել է:
Ոստիկանությունը շարունակում է Բաղրամյան պողոտայում շուրջօրյա հսկողությունը: Այստեղ, սակայն, արդեն միայն պարեկային ոստիկանության մեքենաներն են կայանված:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ եթե նստացույցի մասնակիցները շարունակեն խախտել օրենքը եւ փակ պահեն Բաղրամյան պողոտան, ոստիկանությունը ստիպված կլինի պողոտայում վերականգնել հասարակական կարգը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: