Հրազդանում քաղաքապետի ընտրությունները կկայանան 2016թ հունիսին, ուստի վաղ է խոսել թեկնածության առաջադրման մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը: «Թող գա հասնի այդ օրը, պարզ կլինի, դեռ մի տարի կա»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է իրեն Կոտայքի մարզպետի պաշտոնը խոստանալուն եւ «այդ հողի» վրա ՀՀԿ-ից նեղանալուն, քաղաքապետն ասաց, որ Հանրապետության նախագահն է որոշում՝ ով պետք է լինի մարզպետ: «Նման բան չկա, Գուլոյանը իմ վաղեմի ընկերն է, ինչի պետք է մենք վատ լինենք»:
«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չբացառեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հավանականությունը, սակայն ասաց, որ այս պահին դեռ վերջնական որոշում չկա:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ դեկտեմբերի 6-ին Հրազդանում սպասվում են քաղաքապետի ընտրություններ: ՀՀԿ-ում չեն բացառում, որ դրանք նույնքան թեժ կլինեն, որքան Աբովյանի ընտրությունները: Առաջադրվողների մեջ է լինելու Հրազդանում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, արդեն իրենց շտաբը կարգուսարքի բերող, նախորդ անգամ պարտված, պատերազմի հերոս Սասուն Միքայելյանը, ինչպես նաև ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը և, իհարկե, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով, ըստ ՀՀԿ-ականների, նեղսրտած է հարազատ կուսակցությունից: Բանն այն է, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում Կարապետ Գուլոյանի նշանակումը Դանիելյանի համար եղել է անակնկալ, քանզի դրանից օրեր առաջ Արամ Դանիելյանին վերին իշխանությունները կանչել-ասել են, որ Արամ Հարությունյանին տանում են Ջրային կոմիտե, իրեն նշանակում մարզպետ, ինչն էլ Արամ Դանիելյանի իդեա-ֆիքսն է եղել մշտապես՝ դառնալով պատճառ իր և նախկին մարզպետ Շահգալդյանի հարաբերությունների վատթարացման: «Արամը հիմա նեղսրտած մտածում է՝ դնի դեկտեմբերի 6-ին թեկնածությունը, թե չէ: