News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԵԿՄ եւ «Ֆակտում» իրավաբանական գրասենյակի միջեւ: Ըստ այդմ զոհված, անհետ կորած, հաշմանդամ եւ ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքներն անվճար իրավախորհրդատվություն ստանալու հնարավորություն կունենան: Ի դեպ, «Ֆակտում»-ի նախագահը ծնունդով սահմանամերձ Չինարի գյուղից Հակոբ Ղարախանյանն է:

Միջոցառումն սկսվեց երկրապահական ավանդույթների ոգով՝ ծաղկադրում Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, հոգեւորական ի օրհնություն, ՀՀ եւ ԵԿՄ օրհներգեր…

ԵԿՄ վարչության նախագահի հրամանով «Ֆակտում» ՍՊԸ հիմնադիր նախագահ Հակոբ Ղարախանյանը պարգեւատրվեց «Երկրապահ 25-ամյակ» հոբելյանական մեդալով: Ղարախանյանն էլ իր հերթին ԵԿՄ գրադարանին նվիրեց իր հեղինակած գրքերի մեկական օրինակ:

Հակոբ Ղարախանյանն իր խոսքում նշեց, որ Արցախյան ազատամարտում հաղթանակ երաշխավորած, անկախության կայացմանը նպաստած երկրապահների ընտանիքներին անվճար իրավախորհրդատվությունն այն նվազագույնն է, որ իրենք կարող են անել՝ շեշտելով, որ այդ խավի նկատռմամբ պարտավորության զգացում պետք է ունենան ողջ հանրությունն ու պետությունը:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է.

«Մեր գործունեությունն ուղղված է զոհված, անհայտ կորած, հաշմանդամ եւ ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքների անդամների սոցիալական, իրավական, բարոյական աջակցությանը: Չմանրամասնելով, թե քայլ առ քայլ ինչ ձեռնարկներ ենք ունեցել, միանգամից նշեմ, որ նշված խավին աջակցելու նպատակ ունի նաեւ այսօր ստորագրվող փաստաթուղթը: Փոխըմբռնման, գործակցության հուշագրեր ունենք տարբեր գերատեսչությունների հետ: Կա նախնական պայմանավորվածություն, առաջիկայում նմանատիպ հուշագիր ստորագրելու ենք նաեւ արդարադատության նախարարության հետ: Սակայն, ես կարեւորում եմ «Ֆակտում» իրավաբանական գրասենյակի հետ հուշագրի ստորագրումը, որովհետեւ այս հաստատության ղեկավարը ծնունդով սահմանամերձ Չինարի գյուղից է:

Հակո՛բ ջան, դու երկրապահ ես, դու մեզանից մեկն ես: Էլ ո՞վ, եթե ոչ դու պետք է իրավական աջակցություն ցուցաբերի զոհվածների, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին:

Հարգարժա՛ն ներկաներ, սույն հուշագրի կնքմամբ՝ «Ֆակտում» ՍՊԸ մասնագետներն ակտիվորեն կներգրավվեն երկրապահների ընտանիքներին իրավախորհրդատվություն, իրավական աջակցություն ցուցաբերելու գործին, նաեւ կներգրավվեն պատանի երկրապահների համար կազմակերպվող ուսուցողական ծրագրերում, իրենց մասնագիտական փորձն ու հմտությունները կփոխանցեն պատանի եւ երիտասարդ երկրապահներին:

Հակո՛բ ջան, քեզ եւ ձեր գրասենյակի մասնագետներին էլ շնորհավորում եմ: Դուք, ձեր հարազատներն արդեն եռասերունդ երկրապահական ընտանիքի լիիրավ անդամներ եք»:

Տպել
Ամենաշատ