News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր՝ հուլիսի 3-ին, հարցաքննության է հրավիրել Բուդաղյանների կրտսեր որդուն՝ Արա Բուդաղյանին: NEWS.am-ի տեղեկություններով՝ նրան հարցաքննել են Սուրիկ Խաչատրյանի դեմ սպանության փորձի գործի շրջանակներում:

Արա Բուդաղյանին հարցաքննել են որպես վկա, հետաքրքրվել, թե դեպքի պահին որտեղ է եղել, ինչ է արել եւ այլն:  Դրանից բացի՝ վաղ առավոտյան՝ ԱԱԾ-ն խուզարկել է Բուդաղյանների բնակարանը, սակայն որեւէ բան չեն գտել:

Ավելի վաղ Բուդաղյանների բնակարանը խուզարկել էր քննչական կոմիտեն:

Նշենք, որ տեղեկություններ են տարածվում, որ Սյունիքի մարզպետի նկատմամբ սպանության փորձի գործով կան ձերբակալվածներ: Այս լուրերը սակայն ԱԱԾ-ից որեւէ կերպ չեն մեկնաբանում: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սպանության փորձի գործով  որոնվում է մոտ 55-ամյա տղամարդ: ԱԱԾ-ից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի եւ նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված թիվ 69104115 քրեական գործով, վերը նշված սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է` մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձեւ դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ, որի արտաքին նկարագրությամբ կազմված դիմանկարը տեղադրված է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջում /www.sns.am/, ինչպես նաեւ պարբերաբար ցուցադրվել է հեռուստատեսությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ