News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) նախկին բնակիչները, որոնց 1 շաբաթ առաջ ՀՀ վարչապետն ընդունել եւ խոստացել էր, որ 5 աշխատանքային օրվա վերջնական պատասխան կտա նրանց խնդրի վերաբերյալ, վարչապետից դեռ պատասխան չեն ստացել: NEWS.am-ի հետ զրույցում 33-րդ թաղամասի նախկին բնակիչ Անուշ Զաքարյանը նշեց, որ գերակա շահ ճանաչված տարածքի կառուցապատող «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը սնանկ է ճանաչվել եւ տարածքը վաճառել մի շարք օլիգարխների:

«Վարչապետն անցած շաբաթ ընդունեց ու ասաց, որ կպատասխանի մեզ, արդեն 1 շաբաթ է անցել ու ոչ մի պատասխան չենք ստացել: Եթե տարածքը վաճառել են, ուրեմն գումար կա, թող տան շուկայական գնով մեր բնակարանների համապատասխան քառակուսու դիմաց մեր փոխհատուցումը, որ կարողանանք բնակարան գնել եւ դրսում չմնալ: 2008թ., կնքված պայմանագրով մեզ պետք է այդ տարածքում բնակարաններ տային, կան նաեւ բնակիչներ, որոնց  ամսական տան վարձավճարներ պետք է  տային եւ այդ գումարը չեն վերցրել եւ փոխարենը քառակուսի մետր են ավելացրել, շատերը կառուցվող շենքի նկուղային հարկում ավտոտնակներ են վերցրել եւ արդյունքում, այժմ ոչինչ չունենք»,-ասաց նա:

Անուշ Զաքարյանի խոսքով՝ շատերը «Գլենդել Հիլզից» տան վարձավճարները ուշացումով են ստանում կամ էլ չեն ստացել. «Ես վերջին անգամ ստացել եմ հունվար ամսին, «Գլենդել Հիլզում» ասում են, որ կառավարությունը քիչ գումար է տալիս եւ չեն կարողանում մեզ գումար տալ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով։

Տպել
Ամենաշատ