Էլէներգիայի թանկացման դեմ բողոքը Հայաստանում քաղաքական շարժում էր, պարզապես պետք չէ շփոթել քաղաքական շարժումը կուսակցականի հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, պարզաբանելով, որ սա կուսակցական շարժում չէր:
Նրա խոսքով, Հայաստանում բոլոր բողոքի ակցիաներն էլ կրում են քաղաքական բնույթ՝ լինի կուտակային կենսաթոշակային համակարգի, թե կառավարության էներգետիկ քաղաքականության դեմ:
«Այս գործընթացում օգտագործվել են քաղաքական էլեմենտներ՝ փողոցների փակում, նստացույց, հացադուլ: Երկրորդ, սա ժողովրդական շարժում չէր, այո բողոքի ակցիա էր, բայց ոչ համաժողովրդական: Դրանք ինքնաբուխ ակցիաներ չէին, այլ կազմակերպված քաղաքական նախագիծ էր»,-ընդգծել է Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: