News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի ընթացքին, որի համաձայն նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաեւ լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին: Վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երեւանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի երկրորդ փուլով իրականացվող վերոնշյալ ճանապարհահատվածի շինարարության շրջանակներում 8-9 մետր բարձրությամբ լիցքի վրա կկառուցվի շրջանաձեւ երթեւեկությամբ ճանապարհ, որը կկապի Արշակունյաց պողոտան Շիրակ փողոցին։ Լիցքի մեջ կկառուցվեն 2 թունելային ուղեանցեր՝  երկաթուղու եւ Նորագավիթ 1-ին փողոցի երթեւեկությունն ապահովելու համար։ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով կկառուցվի 270 մ երկարությամբ եւ մոտ 9 մ բարձրությամբ էստակադա։ Նշվել է նաեւ, որ ճանապարհների հանդիպակաց երթեւեկելի գոտիները տարանջատվելու են «նյու ջերսի» տիպի երկաթբետոնե կառուցվածքներով։

Առանձակի կարեւորելով մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթեւեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող շրջանցիկ նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում:

«Վստահ եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման հետ կապված մենք այսօր լուրջ խնդիր ունենք: Ըստ այդմ, վերջին տարիներին մեր կողմից իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերը հենց այդ համատեքստում են: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի  շրջանակում Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող մոտ 5 կմ ճանապարհաշինական այս ծրագիրը եւս այդ համատեքստում է: Դեռ նախորդ տարի այս ծրագրի առաջին փուլով ամբողջովին վերակառուցվեց Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչեւ Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածը, որի շրջանակում լայնացվեց այդ հատվածը, ամբողջությամբ փոխվեցին ենթակառուցվածքները՝ ջրագծեր, կոյուղատարներ, էլեկտրագծեր, նաեւ եվրոպական չափանիշների համաձայն արդիականացվեց ճանապարհի լուսավորության համակարգը՝ այն վերազինելով էներգախնայող LED տիպի լուսատուներով։ Այժմ ընթանում են ծրագրի 2-րդ փուլի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են այս տարվա հունվար ամսից: Ըստ այդմ նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաեւ լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին: Այս հատվածում բնակվող մեր համաքաղաքացիների հարմարավետությունը, ինչպես նաեւ սպասարկումն ապահովելու համար Արշակունյաց պողոտայում եւ Արտաշատի խճուղում բնակելի թաղամասերին կից կկառուցվի նաեւ սպասարկման ճանապարհ՝ հավելյալ երթեւեկելի գոտով, բացի այդ, նաեւ վերգետնյա հետիոտնային  անցում»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետը շրջել է շինհրապարակում, զրուցել շինարարների հետ: Հետեւելով իրականացվող աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ: Տեղում՝ մանրակերտի վրա, քաղաքապետին ներկայացվել են նաեւ ճանապարհի ներկա փուլի շինարարության մանրամասները:

«Այս փուլի շինարարական ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016թ. ամռանը, որի արդյունքում կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող, անընդհատ երթեւեկությամբ ճանապարհ, որը մայրաքաղաքը կկապի Արարատի մարզին: Այդպիսով մենք, ըստ էության, արդեն կունենանք մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհային դարպաս, ինչը տասնամյակներ շարունակ չենք ունեցել եւ որպես այդպիսին ծառայել է Նորագավիթի միջով անցնող տեղական նշանակության նեղ ճանապարհը: Ի դեպ, մեր հեռահար նպատակը Երեւանի ավտոճանապարհային երեք կարեւոր դարպասներն իրար կապող եւ մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մեկ միասնական շրջանցիկ ճանապահ ունենալն է: Ըստ այդմ, ծրագրի հաջորդ փուլի հաստատումից հետո այն կշարունակվի եւ Շիրակի փողոցի Կարմիր բլուրին հարող հատվածից Հրազդան գետի վրա կառուցվող նոր կամրջով, Արգավանդի խճուղով, Բաբաջանյան եւ Տիչինայի փողոցներով կհասնի մինչեւ Աշտարակի խճուղի եւ Դավիթաշեն թաղամաս, ու այդպիսով կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ավտոճանապարհ։ Սա հնարավորություն կտա Արտաշատի, Աշտարակի եւ Զովունու խճուղիները մեկ ընդհանուր ճանապարհով կապել իրար: Եվ այս՝ Արշակունյաց պողոտայի, Արտաշատի խճուղու վերակառուցումը, ինչպես նաեւ Շիրակի փողոցի երկարացումը կկազմեն Երեւանի արեւմտյան հատվածի շրջանցիկ ճանապարհի մի մասը, որի ամբողջական կառուցման արդյունքում զգալիորեն կբեռնաթափվեն Երեւանի կենտրոնական փողոցները»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ ճանապարհի կառուցման աշխատանքները կավարտեն նախատեսված ժամկետում: Նաեւ նշվել է, որ ավտոճանապահի այն հատվածներում, որտեղ առկա են եղել մասնավոր հողատարածքներ կամ գույք, սեփականատերերին տրվել եւ տրվում է համարժեք փոխհատուցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ