News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոստիկանության հայտարարությունը հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ուժ կիրառելու վերաբերյալ օրենքի դրույթի սխալ մեկնաբանման արդյունք է: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, լրագրողներին ասաց փաստաբան Վարուժան Վարդանյանն՝ անդրադառնալով «Հավաքների անցկացման հետ կապված իրավական իրազեկման և ոստիկանության լիազորությունների իրականացման սահմանները խաղաղ հավաքների անցկացման ժամանակ» թեմային:

Նշենք, որ ոստիկանությունը հայտարարել էր, թե հոսանքի սակագնի դեմ բողոքող քաղաքացիները, փակելով Բաղրամյան պողոտան, սահմանափակում են այլ անձանց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, այդ իսկ պատճառով էլ ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով օգտագործել իր լիազորությունները:

Փաստաբանը նշեց, որ Հայաստանում հավաքների և ցույցերի կազմակերպումը կանոնակարգվում է մի շարք օրենքներով: 

«Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի խաղաղ հավաք իրականացնելու: Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան, որը նաև գերակա է մեր օրենքի նկատմամբ, նույնպես սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այլոց հետ միավորվել և խաղաղ հավաք անցկացնել: Հավաքների ազատության մասին օրենքը սահմանում է երաշխիքներ վերոնշալ իրավունքների պահպանման համար: Ինչ վերաբերում է հավաքների դադարեցման դրույթին, որի վրա էլ հենց հիմնվում է ոստիկանությունը, ու երբ շեշտվում է` հավաքն անօրինական է և սահմանափակում է այլ անձանց իրավունքները, ապա պետք է հասկանալ, որ Բաղրամյան պողոտան Ա կետից Բ կետ տեղափոխվելու միակ ճանապարհը չէ, առավել ևս այն դեպքում, որ խնդիրը ոչ թե անձնական է, այլ ունի հանրային հնչեղություն»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ օրենքում ամրագրված է այն, որ խաղաղ հավաք քաղաքացիները կարող են անցկացնել փողոցներում, մայթերում և այլն:

Փաստաբան Վահե Սիմոնյանն էլ անդրադառնալով հունիսի 23-ին ոստիկանության գործողություններին, նշեց, որ զրահամեքենաներ (ԲՏՌ) ու փշալարեր խաղաղ ցույցի ժամանակ չի կարելի օգտագործել, քանի որ հատուկ միջոցների կիրառումը խաղաղ հավաքների ժամանակ արգելվում է օրենքով:

«Ոստիկանությունն իրավունք չունի գործի դնել օրենքով սահմանված հատուկ միջոցները՝ սարքեր, զրահատեխնիկա և այլն, քանի դեռ հավաքը խաղաղ է և չկան զանգվածային անկարգություններ: Հատուկ միջոցները կիրառվում են քաղաքացիների և ոստիկանների վրա հարձակում կատարելիս, երբ կա զինված դիմադրություն: Օրինակ` նույն «ԲՏՌ»-ը և փշալարը խաղաղ ցույցի տարածքում անգամ իրավունք չունեն գտնվել»,- ասաց Վահե Սիմոնյանը հավելելով, որ ֆիզիկական բռնությունը քաղաքացիների նկատմամբ պարզապես անթույլատրելի է:

Փաստաբանները խոսքով`դեռ պետք է հիմնավորվի, որ ցուցարարները խախտում են այլ անձանց սահմանադրական իրավունքները, եւ դրանից հետո նոր  հնարավոր է քննարկել այն հարցը, թե արդյոք իրավունք կա ցրել խաղաղ հավաքը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ