Թող քաղաքական եւ այլ գործիչները Բաղրամյան պողոտան չհամարեն իրենց հավակնությունների հագեցման վայր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Երեկ ես իմացա, որ որոշ գործիչներ գնացել են Բաղրամյան պողոտա տարբեր դրոշներով. Գիտեք, լավ ասացվածք կա. «Ուրիշի սեղանին թամադայություն մի արա»: Այս շարժումը, եթե կուզեք, ունի իր թամադան: Դա մեր քաղաքացիներն են, մեր ակտիվիստները, նրանք էլ հենց կորոշեն ինչպես վարվել: Այլոց պետք չէ տեղավորվել նրանց սեղանի մոտ, իսկ հետո բացականչել. «Ես եմ թամադան»,-ասել է Շարմազանովը:
Նրա խոսքով, դա չի վերաբերում միայն ընդդիմությանը, այլեւ իշխանությանը եւ այլ գործիչներին: Դիտարկմանը, որ ԵՄ դրոշը Բաղրամյան պողոտայում բրել են որպես արժեքային համակարգի խորհրդանիշ, Շարմազանովն առարկել է. «Ինձ համար բարձրագույն արժեքային համակարգը իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշն է, եւ միայն այդ դրոշը պետք է ծածանվի Բաղրամյան պողոտայում»:
Շարմազանովը նաեւ հավելել է, որ քաղաքական ուժերը թող պայքարեն խորհրդարանական ընտրություններում, եւ չխառնվեն ցույցերին, որոնք քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունեն: