News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող նոր շախմատի դպրոց, հետեւել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ թիվ 110 դպրոցի` տարիներ շարունակ չօգտագործվող շուրջ 1000 քմ տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվում ու հարմարեցվում է շախմատի դասընթացների համար, որը շուրջ 500 սաների հնարավորություն կընձեռի ստանալ շախմատային կրթություն: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դեռեւս երկու տարի առաջ սկիզբ առած այս ծրագիրը հաջողությամբ իրականացվում է եւ լինելու է շարունակական:

«Երեւանի քաղաքապետարանը՝ Շախմատի ակադեմիայի հետ միասին, երկու տարի առաջ նախաձեռնեց մայրաքաղաքի վարչական շրջաններում շախմատի դպրոցների հիմնումը: Սա, անշուշտ, սպասված ծրագիր էր մեր համաքաղաքացիների համար: Այսօր արդեն Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է շախմատի 8 դպրոց, որտեղ անվճար մարզվում են շուրջ 3000 երեխաներ: Շենգավիթ վարչական շրջանի այս եւ Նուբարաշեն վարչական շրջանում կառուցվող շախմատի դպրոցներն էլ շահագործման կհանձնենք արդեն այս տարի»,- ընդգծել է քաղաքապետը:

Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցներն ամբողջությամբ կահավորվում են նաեւ համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ուսումնական գործընթացի համար ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները: Շնորհակալություն հայտնելով շախմատի զարգացման նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար ու առանձնակի կարեւորելով հատկապես շախմատի դպրոցների անվճար գործելու հանգամանքը՝ պատասխանատուները նկատել են, որ շախմատի դպրոցների ստեղծումով մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների եւ պատանիների թիվը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ եւս ընդգծել է, որ մարզաձեւի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ մայրաքաղաքում տարվող ծրագրային քաղաքականությունը շարունակական է լինելու:

«Ես, թե որպես Երեւանի քաղաքապետ եւ թե որպես Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ վստահեցնում եմ, որ հետեւողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը, քանզի համոզված եմ, որ մեր այսօրվա տաղանդավոր երեխաների շնորհիվ Հայաստանը դեռ երկար է մնալու շախմատային առաջատար երկիր»,- ընդգծել է քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ