News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով հուլիսի 3-ին Ֆրանսիա ժամանած վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորել փոխգործակցության հետագա զարգացումն ու խորացումը տարբեր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա է ապակենտրոնացված մակարդակով բավական լայն համագործակցություն. մայրաքաղաք Երեւանը եւ Հայաստանի շուրջ երեք տասնյակ համայնքներ արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ:

Կարեւորով նաեւ երկու մայրաքաղաքների միջեւ օրեցօր ամրապնդվող   համագործակցությունը՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Անն Իդալգոյի ներդրումն այդ կապերի սերտացման գործում: Վարչապետը նշել է, որ Երեւան-Փարիզ համագործակցության շրջանակում ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերը Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են եւ պատրաստակամություն հայտնել Երեւանի քաղաքապետարանի հետ միասին այսուհետ եւս սատարել համատեղ ծրագրերի իրականացմանը:

Փարիզի քաղաքապետն իր հերթին հավելել է, որ երկու մայրաքաղաքները տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Անն Իդալգոն կարեւորել է փոխգործակցության խորացումը գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: Նա առանձնացրել է ֆրանսահայ համայնքի դերն ու ներդրումը Ֆրանսիայի, մասնավորապես՝ Փարիզի զարգացման գործում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է նաեւ Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ